Օրեր առաջ սերիալային դերասանուհի, պարուհի Մանանա Գևորգյանը նշել է ոչ միայն ծննդյան 27 ամյակը, այլև մկրտվել է: ESem.am-ը շնորհավորել է նրան ու պարզել երկու իրադարձությունների մանրամասները :)

 

 

«Ծննդյանս օրն ինձ համար տարվա ամենալավ օրն է: Քանի որ այդ օրվանից ուրիշ հարմար օր չէի գտնի, որոշեցի կնքվել»,- ESem.am-ին ասաց Մանանան՝ նշելով, որ կնքահոր սուրբ պարտականությունը վստահված է եղել իր պարի դպրոցի սաներից մեկի հայրիկին: «Քավորս քանդակագործ նկարիչ է ու, ամենակարևորը, լավ մարդ»,- նկատեց Մանան:

Տարեդարձի կապակցությամբ պարուհին առաջին շնորհավորանքն ու անկեղծ բերմաղթանքը ստացել է մայրիկից, հետո մտերիմ ընկերներից, ովքեր կեսգիշերին գնացել են նրան շնորհավորելու՝ տորթով, շամպայնով և փուչիկներով:

 

 

«Գիշերն ընկերներս ինձ աննկարագրելի զգացողություններ պարգևեցին: Անսահման ուրախ ու երջանիկ էի: Այնքան մարդ է շնորհավորել, որ ասելու չի, նույնիսկ նրանք, ում շնորհավորանքին չէի սպասում :)»,- ավելացրեց Մանանան՝ հայտնելով նաև, որ այս տարի հարազատներն ու բարեկամները նախապես իր մայրիկից ճշտել են՝ ինչի կարիք ունի, և պիտանի իրեր են նվիրել :)

 

 

Ըստ պարուհի-դերասանուհու՝ տարեդարձի խնջույքին հրավիրված են եղել միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները: «Շատ լավ անցավ, դպրոցիս սաներն ինձ համար անակնկալ պար էին բեմադրել, որն ինձ շատ դուր եկավ: Իրոք անմոռանալի օր եմ ունեցել՝  լի անակնկալներով :)»,- խոստովանեց նա:

Մանանայի փոխանցմամբ՝ ծննդյան տորթի մոմերը փչելիս սեփական ընտանիք կազմելու մասին երազանք է պահել :) «Աստծուց խնդրում եմ, որ մայրս ու եղբայրս առողջ լինեն, իմ կողքին: Չեմ թաքցնի՝ արդեն ընտանիք կազմելու մասին էլ եմ մտածում: Երազում եմ արժանի մեկին հանդիպելու, սիրահարվելու ու ամուսնանալու մասին. արդեն ժամանակն է»,- անկեղծ նշեց սերիալային դերասանուհին:

 

 

Քաղաքում սերիալի ավարտից հետո դերասնուհին անգործ չի մնացել: Այժմ նա նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության նոր սիթքոմում: «Առաջարկը հեռուստաընկերության կողմից է եղել, փորձնական նկարահանման մասնակցելուց հետո ընտրվեցի մի աղջկա կերպարում, ում ուշքնումիտքն ամուսնանալն է, բայց, միևնույն ժամանակ, բոլոր թեկնածուներին անուն է կպցնում :)»,- մանրամասնեց Մանանան:

Esem.am-ը  շնորհավորում է Մանանային ու երազանքի իրականացում ցանկանում :)

 

 


Ներկայացրեց Մերի Պողոսյանը