Բժիշկներն սկսել են արհեստական կոմայից աստիճանաբար դուրս բերել հանգուցյալ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, որում նա հայտնվել է ընթացիկ տարվա հունվարի 31-ին: Ինչպես փետրվարի 20-ին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը, այս նպատակով կրճատում են դեղորայքի չափաբաժինները, որոնք երիտասարդ կնոջը պահում ն կոմայի մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:  

 

«Բժիշկները ցանկանում են հասկանալ, թե ինչ վիճակում է  հիվանդի գլխուղեղը, և ինչ չափով այն կհակազդի արտաքին գրգռիչներին,- հայտարարել է նյարդավիրաբուժության բնագավառի մասնագետ Սանջայ Գուպտան:- Եթե իրենք տեսնեն, որ Բոբի Բրաունն արձագանքում է կոմայից դուրս գալու գործընթացին, ապա այն կշարունակվի»:

 

Միաժամանակ հեռուստաընկերությունը հավաստել Է, որ փետրվարի 18-ին, ընտանիքի համաձայնությամբ, բժիշկները փոխել են այն ճկափողը, որով հիվանդի թոքերին օդ Է տրվում արհեստական շնչառության ապարատից:    

 

21-ամյա աղջկան հունվարի 31-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Ատլանտայի արվարձանում նրա տան լոգարանում: Անհապաղ կանչվել էր շտապ օգնություն, որը նրան տեղափոխել էր հիվանդանոց: Դեպքն այնքան բարդ է եղել, որ բժիշկներն անմիջապես երիտասարդ Բոբի Քրիստինա Բրաունին մտցրել են արհեստական կոմայի մեջ և միացրել արհեստական շնչառության ապարատին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ոստիկանությունը շարունակում է ուսումնասիրել միջադեպի հանգամանքները: