Դերասանուհի Աննա Դավթյանի ամուսնության և մայրանալու մասին ESem.am-ը պատմել է: Ամուսնությունից հետո Պուշկինո քաղաքում հաստատված դերասանուհին ՌԴ-ում ևս շարունակում է աշխատել: Վերջերս նա հրավեր է ստացել մասնակցելու Հայ ազգային մշակութային ինքնավարության` «Արգիշտ»-ի բացմանը և ներկայանալ որպես հաղորդավարուհի:

 

 

ESem.am-ի հետ զրույցում Աննան նշեց, որ օրեր առաջ Մոսկվայի մշակույթի տանը բացվել է մի մեծ դպրոց, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները անվճար կարող են ուսանել մայրենի լեզուն, պատմությունը, մշակույթը` պարերը, ասմունքը, երգը:

«Հրավեր ստացա այդ դպրոցի տնօրեն և ինքնավարության նախագահից: Ողջունելով այդ գաղափարը` սիրով համաձայնեցի իմ ներդրումն ունենալ այդ ազգանվեր գործում՝ որպես հաղորդավարուհի և արվեստի մարդ»,- ասաց Աննան և ավելացրեց, որ միջոցառումը վարել է ռադիոհաղորդավար Անդրե Միրզոյանի հետ:

 

 

Ըստ նրա` ջերմ ընդունելության է արժանացել հայ համայնքի կողմից: «Շատ զգացված եմ չափից ավելի ջերմ ընդունելության ու վերաբերմունքի համար: Շնորհակալ եմ, որ չեն մոռացել և գնահատում են իմ արվեստը»,- նկատեց դերասանուհին:

Աննայի խոսքով` նոր հայկական գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, որի մասին, սակայն, կպատմի ավելի ուշ` նկարահանումներից հետո: Դերասանուհին միայն նշեց, որ նկարահանումներ կլինեն և Հայաստանում, և Մոսկվայում:

 

 

Նրա փոխանցմամբ՝ այժմ օրը բավականին լեցուն է անցնում: «Իմ հրեշտակը կյանքս շատ է գունավորել, իմաստավորել,- շեշտեց Աննան և շարունակելով խոսել փոքրիկ Ադելի մասին՝ հավելեց,- Առավոտից երեկո երգում է ու շատ է սիրում լսել` թե ինչպես են իր համար երգում: Բարձրաձայն ծիծաղում է և ուրախանում, երբ հայրիկը` Սանը, աշխատանքից վերադառնում է»:

 


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը