Դեկտեմբերը տոնական էր ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արթուր Հակոբյանի՝ Միստր X-ի և հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի համար: Նախ՝ զույգն օրինականացրեց հարաբերությունները, ապա նշեց Արթուրի ծննդյան տոնը, հիմա էլ՝ պատրաստվում է Ամանորին:) Երգչի հաղորդավարուհի կողակիցը ESem.am-ին պատմել է մի շարք հետաքրքիր մանրամասներ:

 

 

Նշանադրություն

36-ամյա Արթուրն ու 24-ամյա Սվետլանան երկու տարի է, ինչ միասին են: «Մեր ծանոթությունը գործի բերումով է եղել: Արթուրը երաժշտություն ուներ, որի համար խոսքերի հեղինակ էր փնտրում. այդ առիթով ծանոթացանք, որոշ ժամանակ շփվելուց հետո մտերմացանք, ինչն էլ աստիճանաբար վերածվեց սիրավեպի:) Ընկերություն անելու առաջին իսկ օրվանից վստահ էինք մեր զգացմունքների մեջ և ցանկություն ունեինք օրինականացնել հարաբերությունները: Մեր այսքան սպասելու պատճառն այն էր, որ սիրելիիս մայրը Հայաստանում էր: Նրա՝ ԱՄՆ գալուց հետո որոշեցինք նշանադրության օրը»,- ESem.am-ին ասաց Սվետլանան: Նրա խոսքով՝ երգիչը շատ ռոմանտիկ վայրում է ամուսնության առաջարկ արել իրեն. «Արթուրը շատ գեղեցիկ կերպով ամուսնության առաջարկ արեց ինձ՝ նավի վրա»:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել Գլենդելի ռեստորանային համալիրներից մեկում, որին ներկա են եղել ԱՄՆ-ում բնակվող նրանց հարազատներն ու մտերիմ ընկերները:

 

 

Ծննդյան տոն

Դեկտեմբերի 20-ին Արթուրի ծննդյան օրն էր:  Նա տարեդարձը երկու անգամ է նշել՝ Հայաստանի և ԱՄՆ-ի ժամանակով:) «Հայկական ժամանակով, երբ 12-ը խփեց Արթուրի մոտ շնորհավորական զանգերի ու հաղորդագրությունների տարափ էր: Հայաստնաում ապրող նրա գրեթե բոլոր ընկերները, հարազատներն ու երկրպագուները շնորհավորել են: Արդեն այստեղի՝ ԱՄՆ-ի ժամանակով կեսգիշերին առաջինը ես եմ շնորհավորել ու մի շարք լավ մաղթանքներ ասել:)»,- պատմեց երգչի նշանածը:

 

 

Ըստ նրա՝ սիրելիին մի շարք նվերներ է մատուցել: «Մենք ոչ մի անգամ մի նվերով չենք սահմանափակվում, առիթների ժամանակ միմյանց մի շարք անակնկալներ ենք մատուցում: Բացի ինձնից շատերն են նրան հիանալի նվերներ տվել, բայց կարծում եմ՝ նրա համար ամենակարևոր նվերը այդքան մարդու կողմից ստացած ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են»,- նշեց Սվետլանան, ում փոխանցմամբ՝  երգչի ծննդյան խնջույքը նեղ ընկերական միջավայրում է անցել:

 

 

Ամանոր 

Վերջին տարիներին ամանորյա տոները Լոս Անջելեսում անցկացնող զույգն այս տարի Նոր տարին տանն է դիմավորելու՝ ընտանիքի անդամների հետ: «Որոշել ենք տոներին հանգստանալ: Ամանորի գիշերը չենք աշխատելու. կմնանք տանը ու նախ Հայաստանի, ապա ԱՄՆ-ի ժամով կնշենք մեր այդքան սիրելի տոնը:)»,- ESem.am-ին ասաց հաղորդավարուհին:

Խոսելով Հայաստանում ու ԱՄՆ-ում անցկացվող տոների միջև եղած տարբերության մասին՝ Սվետլանան ասաց. «Նոր տարին ամենուր Նոր տարի է:) Աշխարհի որ անկյունում էլ լինենք, մեծ հավատով ու երազանքով ենք սպասում այս տոնին: Այն երկուսիս սիրելի տոներից է ու տոնական տրամադրությունը մեզ ուղեկցում է օրեր շարունակ: Հայ համայնքն Ամանորն ու Սուրբ ծնունդը այստեղ նշում է մեր բոլոր ավանդույթների համաձայն: Տարբերությունն այն է, որ այստեղ շոգ է ու հայրենիքի կարոտն է տանջում բոլորին»:

ESem.am-ը շնորհավորում է զույգին և անսահման երջանկություն մաղթում :)

 


Զրուցեց Մերի Պողոսյանը