Եթե Տիկնիկային թատրոնում համերգ է, բայց նստատեղերն ազատ են, նշանակում է՝ բեմում «The Beautified Project» խումբն է, իսկ երկրպագուները բեմի մոտ վայելում են երաժշտության հնչյուններն ու ինքնամոռաց շարժվում դրանց ներքո: «The Beautified Project»-ի երեկվա համերգին տրամադրությունը բարձր էր, էներգիան անսպառ…
Խմբի մենակատար Անդրեն ներկաներին հորդորեց հենց սկզբից երգել իրենց հետ, որպեսզի տուն գնալուց հետո ոչ ոք չափսոսա չերգածի համար:) Երկրպագուներն ի գիտություն ընդունեցին նրա խոսքն ու հետևեցին խորհրդին:
Մեծ ոգևորություն էր «Կիլիկիա» երգի ժամանակ: Լսարանն ավելի բարձր էր երգում, քան տղաները:)ESem.am-ի հետ զրույցում Անդրեն ասաց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ հայկական ևս մի երգ կներկայացնեն, սակայն գաղտնի պահեց, թե խոսքը որ երգի մասին է:
Տղաները հայերեն կերգեն, բայց հայերեն ստեղծագործել չեն պատրաստվում, ըստ Անդրեի, կան մարդիկ, ովքեր դա կարող են ավելի լավ անել:
Ինչպես տեղեկացրել էինք, ամիսներ առաջ «The Beautified Project»ում համալրում է եղել, տղաներին ևս երկու երաժիշտ են միացել՝ Վաչե Ղարիբյանն ու Վլադիմիր Աղաջանյանը, ովքեր այս համերգի ժամանակ առաջին անգամ ներկայացան ամբողջական ծրագրով: Անդրեն շատ գոհ էր տղաներից, դատելով ծափերից ու ոգևորությունից՝ հանդիսատեսը ևս:) Ըստ Անդրեի՝ երկուսն էլ անցել են «քննությունն» ու կարմիր դիպլոմի են արժանի:
Տղաներն առաջին անգամ ներկայացրին «Սև դրոշակ», որ հակաահաբեկչական իմաստ ունի: Համերգի հյուրը Սոնա Ռուբենյանն էր, ում հետ խումբը ներկայացրեց ամենաթարմ զուգերգը՝ «Wait»-ը: Տևական դադարից հետո նրանք կրկին կատարեցին նաև «Grey» երգը:
Առաջիկայում «The Beautified Project»-ը 2 նոր տեսահոլովակ կունենա միևնույն երգի հիման վրա: «Երգը ձայնագրեցինք, հետո փորձեցինք նաև թավ-ջութակով ու շատ սիրուն ստացվեց: Երկրորդ տարբերակի հիման վրա Գերմանիայում տեսահոլովակ նկարահանեցինք, իսկ առաջին տարբերակի հիման վրա՝ Հայաստանում»,- ESem.am-ին ասաց Անդրեն ու հայտնեց, որ տեսահոլովակներն այժմ մոնտաժային փուլում են: Պրեմիերաները կլինեն միաժամանակ, հավանաբար, ուշ ձմռանը:
Վայելեց Ամալյա Հովհաննիսյանը