Ալեքսեյ Հեքիմյանի «Արագիլ» երգի՝ «The Beautified Project» խմբի մշակման նպատակն է քաջալերել և խրախուսել սփյուռքի հայերին տեղափոխվել և ապրել Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը «The Beautified Project» խմբի երաժիշտները տեղեկացրին, որ երգի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 24-ին, իսկ համանուն սինգլ-սկավառակը հասանելի կդառնա խմբի երկրպագուներին ապրիլի 26-ին:
«Այս տարի լրանում է մեր խմբի տասնամյակը, որը համընկնել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Քանի որ երեքս ել 8-10 տարի առաջ հայրենադարձել ենք, որոշեցինք տարելիցի կապակցությամբ թողարկել մի երգ, որը կքաջալերի հայերին վերադառնալու Հայաստան», - նշեց խմբի անդամ Անդրե Սիմոնյանը:
Խմբի հիմնական երգացանկը բաղկացած է անգլալեզու ստեղծագործություններից, սակայն հինգ տարի առաջ խմբի կողմից «Կիլիլիկիա» երգի վերամշակման հաջողությունից ի վեր խմբի մասնակիցները խուսափում էին կրկին հանդես գալ հայկական երգի վերամշակմամբ:
«Մեր խմբի կիթառահար Արմեն Շահվերդյանը մշակեց այն և մեր ձեռագիրը մտցրեց այդ երգի մեջ: Երգի թողարկումից հետո մենք կսկսենք «Հարված ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով եվրոպական շրջագայություն՝ հանդես գալով Բեռլինում, Փարիզում, Վիեննայում, Երևանում, ինչպես նաև համերգներ ենք նախատեսում Գյումրիում և Թբիլիսիյում: Եվրոպական երկրներիում մենք այս անգամ հանդես ենք գալու օտար ունկնդրի առջև», - տեղեկացրեց Անդրե Սիմոնյանը:
Շրջագայությունը նվիրված է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանության տարելիցին, այլ նաև ընդհանրապես ցեղասպանությունների դատարպարտմանը, որոնք տեղի են ունենում առ այսօր:
Տեսահոլովակի ռեժիսորն է Գևորգ Ենոքյանը, օպերատորը՝ Սերժ Արզումանյանը: «Արագիլ» համանուն սինգլի մեջ տեղ կգտնեն երգի օրիգինալ, ռոք և ակուստիկ տարբերակները:
««Ալագիլ» երգի ընտրությունը ավելի շատ կապված է այն հանգամանքի հետ, որ այն սիրված էր, սակայն շատերի կողմից մոռացված երգերի շարքում է հայտնվել, որը մենք մատուցում ենք մեր մեկնաբանմամբ, որպեսզի մեր ծնողների սիրված երգերը ծանոթ և սիրելի դառնան նաև այսօրվա երիտասարդության համար», - ասաց Արմեն Շահվերդյանը:
Խմբի եվրոպական շրջագայությունը լինելու է ակուստիկ տարբերակով, որին միանալու է թավջութակահար Ալեքս Միրզոյանը: Խմբի անդամները նաև նշեցին, որ ամեն կերպ ջանում են զերծ մնալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման պատրվակի տակ խմբի հանրաճանաչության ընդլայնումից կամ ֆինանսական շահ ստանալուց: