Երաժիշտ Արա Գևորգյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Նա նոր երգի երաժշտություն է գրել, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Ստեղծագործությունը ձայնագրվել է հայերեն և անգլերեն տարբերակներով:


«Երգն աղոթքի պես է, այն կարծես խոսք է՝ ուղղված Աստծուն: Երգն ագրեսիա չի պարունակում, այն ավելի շատ իր մեջ պահանջ է ներառում: Շատ հետաքրքիր, պոետիկ, ազդեցիկ երգ է: Այն ձայնագրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Շնորհակալ եմ Էդուարդ Թոփչյանին և Հովհաննես Չեքիջյանին՝ ձայնագրության համար: Հայերեն տարբերակը կոչվում է «Կանք ու կլինենք», իսկ անգլերենը` «Remember» («Հիշենք»): Անգլերեն տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է, իսկ հայերեն տեքստի հեղինակը` Լևոն Բլբուլյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արա Գևորգյանը:

 

Նրա խոսքով՝ ինքը նախագիծն սկսել է դեռևս Արամայիս Սահակյանի հետ: «Այնուհետև մենք սկսեցինք աշխատել կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ, սակայն, քանի որ վերջինիս գրվածը շատ ճակատային էր, և շատ կռիվ ու դաժան պատկերներ էր պարունակում, դիմեցինք Լևոն Բլբուլյանին»,- նշեց նա:

 

Գևորգյանը համոզված է, որ ցավի մասին պետք է խոսել օտարի լեզվով: «Երգն արդեն երգել են 15 հայկական երգչախմբեր: Երգը հնչել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում, որտեղ կատարել ենք տեսահոլովակի նկարահանումները: Ուղղաթիռից նայելու դեպքում տեսնում ենք Ծիծեռնակաբերդում պատկերված 1915 թիվը` մոտ 500-հոգիանոց միացյալ երգչախմբի միջոցով»,- հավելեց նա:

 

Արա Գևորգյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պայմանավորվել են, որ սփյուռքում գտնվող երգչախմբերը, որոնք եկել էին Հայաստան ու կատարել այս երգը, իրենց երկրներում 2015 թվականի ապրիլի 24-ին դուրս կգան փողոց և երգը կկատարեն անգլերեն:

 

«Շնորհակալ եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնին, Հանրային հեռուստատեսությանը, մաեստրոներ Չեքիջյանին և Թոփչյանին, բոլոր նրանց, ովքեր օգնեցին իրականացնել նախագիծը»,-նշեց նա: Երգը կուղարկվի տարբեր երկրներ, որպեսզի նաև ոչ հայկական երգչախմբեր կատարեն այն, և դա հեռարձակվի տեղի հեռուստաալիքներով»,-ասաց  երաժիշտը:

 

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:


1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայե րը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: