"The Beautified Project"-ի տղաներն անակնկալ ունեն երկրապագուների համար: Ձմռան առաջին օրը` դեկտեմբերի 1-ին, Տիկնիկային թատրոնում նրանք համերգ կունենան, որի ժամանակ կհնչեն նրանց 3 ալբոմների հայտնի ստեղծագործությունները, Սոնա Ռուբենյանի հետ զուգերգը, կլինեն պրեմիերաներ:
«Սպասվում է մի պրեմիերա, որի նախնական անունը «Սև դրոշակ» է: Այն հակաահաբեկչական երգ է»,- ESem.am-ին հայտնեց խմբի վոկալիստ և կիթառահար Անդրեն Սիմոնյանը:
«Այս համերգը ձմեռային տոն կլինի, քանի որ այս փուլում մեր վերջին ռոք համերգն է»,- ասաց երաժիշտն ու հավելեց, որ այժմ զբաղված են փորձերով և նոր երգերի ստեղծմամբ:
Ըստ Անդրեի` նոր երգերի մեջ կան թե´ ծանր ռոքային, թե´ մեղմ ստեղծագործություններ: «Ոճային առումով խիստ ծայրահեղականացված է: Այս ընթացքում դարձել ենք հայաստանցի, քանի որ այստեղ ամեն ինչ խիստ ծայրահեղ է, մեր երգերն էլ են այդպիսին:)»,- նշեց նա:
Ի դեպ, խմբում ամիսներ առաջ համալրում է եղել, տղաներին ևս երկու երաժիշտ են միացել: Վաչե Ղարիբյանն ու Վլադիմիր Աղաջանյանը այս համերգի ժամանակ առաջին անգամ կներկայանան ամբողջական ծրագրով: Անդրեի խոսքով` համալրումը պայմանավորված է զուտ այն պատճառով, որ խումբը բավականին շատ հրավերներ է ունենում, իսկ երաժիշտները երբեմն զբաղված են լինում և ստիպված մերժում են մի շարք հրավերներ. այժմ այդպիսի խնդիրներ չեն լինի:
Համերգից մի քանի օր անց "The Beautified Project"-ը կմեկնի Վրաստան, որտեղ որպես հատուկ հյուր կմասնակցեն միջազգային ռոք փառատոնի և կփակեն հանդիսավոր արարողությունը:
Անհամբեր սպասում եմ համերգին:) Ամալյա Հովհաննիսյան