Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գլխավորել է մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վճարվող հայտնիների ցուցակը, որը հրապարակել է Forbes ամերիկյան ազդեցիկ հանդեսը:

 

Հրատարակության տվյալներով՝ անցյալ տարվա հունիսից մինչեւ այս տարվա հունիսն ընկած ժամանակաշրջանում Բիբերը վաստակել է շուրջ 80 մլն դոլար: Ինչպես նշում է Forbes-ը, 20-ամյա կատարողին եկամուտների հիմնական գումարը բերել է համաշխարհային շրջագայությունը:

 

Ուշագրավ է, որ վարկանիշի տասը տեղերից ինը զբաղեցնում են երաժիշտները: Երկրորդ հորիզոնականում One Direction բրիտանական հայտնի փոփ-խումբն է: Տարվա ընթացքում այդ խումբը, որի մասնակիցների միջին տարիքը 21 է, վաստակել է 75 մլն դոլար:

 

Առաջատարների եռյակը եզրափակում է քանթրի ոճով երաժշտության 24-ամյա ամերիկացի կատարող Թեյլոր Սվիֆթը, որը վաստակել է 64 մլն դոլար: Այս տարվա մարտին Սվիֆթը գլխավորել է 40 ամենաբարձր վճարվող երաժիշտների վարկանիշը, որը կազմել է ամերիկյան Billboard հանդեսը: Հոկտեմբերին երգչուհին թողարկել է «1989» վերնագրով նոր ալբոմը, որը հիթ է դարձել:

 

Վարկանիշի չորրորդ հորիզոնականն զբաղեցնում է ամերիկացի 29-ամյա կատարող Բրունո Մարսը (60 մլն դոլար): Հինգերորդ տեղում 26-ամյա փոփ-աստղ Ռիհաննան է (48 մլն դոլար): Վեցերորդը 22-ամյա ամերիակցի երգչուհի Մայլի Սայրուսն է (36 մլն դոլար):

 

Յոթերորդ տեղում հայտնվել է «Օսկար»-ի 24-ամյա դափնեկիր Ջենիֆեր Լոուրենսը (34 մլն դոլար): Նա դարձել է վարկանիշում տեղ գտած միակ դերասանուհին:

 

Ութերորդ տեղն զբաղեցնում է փոփ-աստղ Լեդի Գագան (33 մլն դոլար), իններորդ տեղը՝ շվեդ դիջեյ Ավիչին (28 մլն դոլար), տասներորդը՝ ամերիկացի դիջեյ Սկլիրեքսը (18 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: