Էլվիս Պրեսլիի նշանավոր վարդագույն Cadillac-ը, ադամանդե մատանին եւ բեմական հագուստներն ԱՄՆ-ից կտեղափոխվեն Մեծ Բրիտանիա, որտեղ դեկտեմբերի 12-ին բացվելու Է Եվրոպայի ամենախոշոր ցուցահանդեսը՝ նվիրված  «ռոք-ն-ռոլի արքային», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

 

Ցուցահանդեսի տոմսերի վաճառքը կսկսվի արդեն նոյեմբերի 7-ին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն ավելի քան 300 ցուցանմուշ են բերելու Գրեյսլենդում (Մեմֆիս, ԱՄՆ) գտնվող կալվածքի թանգարան-արխիվից, որտեղ  ապրել է ամերիկացի երգիչն ու դերասանը՝ կոմերցիոն առումով դառնալով 20-րդ դարի ամենահաջողված կատարողներից մեկը: Դրանց թվում են՝ ավտոմեքենաներ, բեմական հագուստներ, կիթառներ, լուսանկարներ, Պրեսլիի անձնական իրերը:

 

Առավել հետաքրքիր ցուցանմուշներից են՝ 1955 թվականի նշանավոր վարդագույն Cadillac Fleetwood-ը, կարմիր MG Roadster-ը՝ Պրեսլիի մասնակցությամբ «Երկնագույն Հավայան կղզիները» ֆիլմից, մատանին՝ ադամանդե քարերով՝ TCB (Taking Care of Business) տառերի տեսքով, որոնք նրա խորհրդանշանն Էին, Գրեյսլենդի կալվածքի բանալիները, ինչպես նաև նրա միակ կնոջից՝ Պրիսցիլայից, ծնված երկու տարեկան աղջկա՝ Լիզա Մարիայի լուսանկարով դրամապանակը:

 

Կազմակերպիչների մտահղացմամբ՝ ցուցահանդեսը կոչված է պատկերացում տալ արտիստի կյանքի բոլոր փուլերի մասին՝ սկսած նրա անձի ձեւավորումից մինչև երաժշտական Օլիմպոս թռիչքը, բանակում ծառայելու մասին, այն մասին, թե նա ինչպիսի որդի, հայր, ամուսին և ընկեր է եղել, այն տարիներին եւ այսօր երաժշտության աշխարհի, կինոյի, նորաձեւության վրա նրա ազդեցության մասին:

 

Պրեսլին մահացել Է 1977 թվականին՝ 42 տարեկան հասակում, սակայն նրա երաժշտությունը շարունակում է կանոնավոր կերպով թողարկվել, ներառյալ ավելի վաղ չհրատարակված ձայնագրությունները: Ընդամենն աշխարհում վաճառվել է ավելի քան 1 միլիարդ օրինակ սկավառակ: Պրեսլին՝ «Գրեմմի»-ի երեք մրցանակների դափնեկիրը (1968, 1973, 1975), առաջին երաժիշտներից մեկն է, որն ընդգրկվել Է «Ռոք-ն-ռոլի փառքի սրահ»-ում (1986): Միայն ԱՄՆ-ում Էլվիս Պրեսլիի 150 ալբոմներ հասել են ոսկե, պլատինե կամ մուլտիպլատինե կարգավիճակի: Դրանցից 10-ը հիթ-շքերթներում զբաղեցրել են առաջին տեղը:

 

Ցուցահանդեսը կկազմակերպվի Լոնդոնի «02» նշանավոր ցուցահանդեսային կենտրոնում և կշարոնակվի մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը: Սակայն ցուցանմուշներից մի քանիսը, մասնավորապես, վարդագույն Cadillac Fleetwood-ը, կցուցադրվեն ավելի պակաս ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: