Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգ: Միջոցառմանը մասնակցել են Լոնդոնի «Կոմիտաս» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր երգիչ Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Անգլիայում բնակվող հայ երաժիշտներ ջութակահարուհի Անի Բատիկյանը, սոպրանո Թերեզա Գևորգյանը, դաշնակահարուհի և կոմպոզիտոր Կրիստինա Արաքելյանը:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Թեքեյան մշակութային միության Լոնդոնի մասնաճյուղից, համերգին հնչել են դաշանմուրային պարեր, Կոմիտասի «Հայաստան», «Ես առուն», «Ալագյազ» և «Խնկի Ծառ» երգերը, «Կռունկ» և «Քելեր-Ցոլեր», «Ծիրանի ծառ» և «Ծիծեռնակ» ստեղծագործությունները: Մենակատարների ելույթը եզրափակվել է Կոմիտասի «Հաբրբան» ստեղծագործությամբ: Համերգի հաջորդ հատվածում հանդես է եկել «Կոմիտաս» երգչախումբը:
Համերգի ավարտին ողջույնի խոսքով են հանդես եկել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վարդապետ Արեն Շահինյանը և Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը, որը նաև համերգի մասնակիցներին շնորհել է խրախուսական պատվոգրեր: Համերգին ներկա են եղել Բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները, Լորդերի պալատի խոսնակ Բարոնուհի Քերոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ:Սուրբ Եղիշե եկեղեցում անցկացված համերգը կազմակերպել է Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը: