Մարդկանց սուիցիդալ վարքը հնարավոր է կանխատեսել արյան անալիզի միջոցով. նման եզրակացության են եկել հոգեբույժները՝ ուսումնասիրելով շիզոֆրենիկների ու կյանքից ինքնակամ հեռացածների ՌՆԹ-ն, հայտնում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ-ի Ինդիանապոլիսի համալսարանի գիտնականները նշել են, որ քաղաքացիական ու ռազմական ոլորտներում մեծ խնդիր հանդիսացող ինքնասպանության կանխատեսման օբյեկտիվ նախանշաններ մինչ այժմ չկային:

Ամերիկացի գիտնականներն այս խնդրով զբաղվում են 10 տարի՝ փորձելով գտնել ինքնասպանությունների բիոմարկերները՝ գենետիկ նախանշանները:

Կամավորներից արյուն վերցնելով՝ գիտնականներն ինքնասպանության համար «պատասխանատու» 5 գեներ են հայտնաբերել: Դրանցից ամենահավանական թեկնածուն էլ SAT1 գենն է, որը սկսում է գործել բջիջների վնասման կամ սթրեսների դեպքում:

9 ինքնասպանություն գործած մարդկանցից վերցված արյան մեջ հայտնաբերվել է SAT1-ի բարձր էքսպրեսիա: