Ամռանը մայրացած երգչուհի Լանա Խաչատրյանի կյանքում ամեն բան փոխվել է:) Մայրանալուց հետո երգչուհին բացառիկ զրույց է ունեցել ESem.am-ի հետ ու խոսել փոքրիկի, նոր զգացողությունների, երջանկության մասին:)

 

«Մինչ այս շատ եմ մտածել՝ ի՞նչ է երջանկությունը, արդյոք ուղղակի տրվում է մարդուն, ինչպե՞ս են դրան հասնում: Այսօր իսկապես հասկացել եմ, որ յուրաքանչյուր կին, ով երեխա ունի, կարող է մայրանալ, միանշանակ կարող է երջանիկ լինել:

 

Ինձ համար սա ամենամեծ բանն է, որ հասկացել եմ կյանքիս ընթացքում, պուճուրիս ծնունդից հետո: Շատ եմ ուզում, որ բոլոր կայանք ունենան այդ զգացումը, որովհետև վստահ եմ՝  որևէ այլ բան չի կարող փոխարինել այդ զգացմունքին»,- ասաց Լանան:

 

 

Երգչուհին էլ, բոլոր մայրերի պես կարծում է, որ մայրանալուց հետո կյանքը գլխիվայր շուռ է գալիս, իսկ տանը «թելադրողը» դառնում է ընտանիքի ամենափոքրիկ անդամը:) «Ամեն ինչ փոխվում է: Հանուն նրա ամեն ինչ դնում ես մի կողմ»,- իրեն հատուկ քնքշանքով նշեց Լանան:

 

Նրա խոսքով՝ փոքրիկ Նունեն նման է թե՛ իրեն, թե՛ ամուսնուն: «Երկուսիս էլ նման է, հաճախ են ասում, որ շատ նման է ինձ, սակայն ես իր մեջ չեմ տեսնում ինձ կամ որևէ մեկին, ես իրեն սիրում եմ որպես ինքը»,- նշեց մայրիկը, ով հեշտությամբ է ստանձնել նոր պարտականությունները:

 

Երգչուհու փոխանցմամբ՝ մայրանալուց հետո թեև անփորձ էր, շատ քայլեր ինքնաբերաբար են ստացվել. «Դա բնազդ է, որ ի ծնե կա յուրաքանչյուր կնոջ մեջ: Ինքդ էլ չես հասկանում՝ ինչպես ստացվեց: Փառք Աստծո՝ ես շատ օգնողներ ունեմ, բայց ամեն բան սիրով եմ անում: Կարծում եմ՝ երեխային խնամելը բացարձակ դժվար չէ: Միայն սիրով, հոգատարությամբ ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ կարելի է անել»:

 

 

Երգչուհին նշեց, որ բավականին հաճախ է դստեր հետ գնում զբոսանքների, քանի որ փոքրիկի համար մաքուր օդն անհրաժեշտություն է: «Առավոտյան անպայման զբոսանքի եմ տանում նրան: Փորձում եմ մայրիկի դիրքերում լինել: Չգիտեմ՝ ինչքանով է ստացվում, բայց շատ մեծ սիրով եմ անում»,- ESem.am-ին ասաց Լանան:

 

Հագուստների ընտրության հարցում մայրիկն առաջին հերթին կարևորում է դստեր հարմարավետությունը: «Մինչև իր ծնվելն անընդհատ մտածում էի՝ վայ ինչպես պիտի համադրեմ, ինչպես պիտի հագցնեմ, բայց երբ երեխան ծնվում է՝ մտածում ես՝ ամենակարևորը`հագուստը հարմար լինի իրեն, տաք լինի, հանկարծ չմրսի: Իհարկե, ես էլ եմ աղջիկ, ինքն էլ, չի կարող թիթիզությունը մղվել հետին պլան, բայց դա երկրորդական է դառնում»,- ասաց Լանան, ով առաջնայինը փոքրիկի առողջությունն է համարում:

 

 

Լանան հաճախ է երգում փոքրիկի համար, Նունեն արդեն սովորել է, որ մայրիկի երգի հնչյունների ներքո պիտի քնի: «Ես միշտ ասում եմ, որ հիմա հանդիսատեսս ինքն է:) Ի դեպ, բավականին ուշադիր հանդիսատես ունեմ: Նա 3 ամսական է, բայց արդեն տարբերում է երգերը. կան երգեր, որոնք չի սիրում ու հասկացնում է դա, երգեր, որոնք սիրում է ու ամեն անգամ նույն հատվածում սկսում է ծիծաղել, երգում է ինձ հետ:) Դժգոհ չեմ իմ հանդիսատեսից»,- ասաց մայրիկն ու հավելեց, որ իր երգերը չի կատարում դստեր համար: «Մանկական երգեր եմ երգում: Երբ ինքը մեծանա ու ցանկանա լսել՝ իր նախաձեռնությամբ կլսի ինձ»,- ասաց նորաթուխ մայրիկը:

 

Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը՝ Լանան հայտնեց, որ մեր զրույցից հետո աշխատանքի շրջանակներում պատրաստվում է գնալ փոքրիկ միջոցառման, սակայն առայժմ իր մոտ պասիվ շրջան է:

 

«Փոքրիկս դեռ շատ է կախված ինձնից, ես էլ՝ իրենից,- ասաց նա ու ավելացրեց, որ չի ցանկանույմ «կիսատ-պռատ» վերադառնալ: -Որոշ ժամանակ նորություններ չեմ խոստանում, բայց երաժշտությունն իմ բնույթն է, իմ ներսում է և որևէ բան չի կարող ինձ կտրել դրանից: Այնպես որ, ժամանակի ընթացքում նորություններ կլինեն»:


Հաճելի զրույց ունեցավ Ամալյա Հովհաննիսյանը