Յոթ տարի «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»-ի տաղավարից բարի լույս մաղթող հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը կրկին եթերում է, իսկ տևական դադարը պայմանավորված էր նրանով, որ ծնվել էր հաղորդավարուհու առաջնեկը՝ Վիկտորյան:  Իր անձնական կյանքի մասին խոսել չսիրող հաղորդավարուհին պատմել է կյանքի ամենահետաքրքիր դրվագների մասին, ինչպես նաև լուսանկարվել BlogNews.am-ի համար: 

- Սիմա, մայրանալուց հետո կրկին եթեր վերադառանալու ցանկություն ունեի՞ր։ 

- Բնականաբար, ուզում էի վերադառնալ, ես անգամ ավելի շուտ էի պատրաստ վերադառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով նոր եմ անցել աշխատանքի: Հասկացա, որ ես չեմ կարող նստել տանը․ դա, միանշանակ, իմը չէ: Երևի կանայք բաժանվում են մի քանի տեսակի․ կին կա, որ տնային տնտեսուհի է, կին կա, որ երեխայից այն կողմ չի կարող գնալ, կին կա, որ ձգտում է աշխատելուն: Իմ մեջ այդ ամենի միքսն է, բայց նաև չեմ կարող լինել միայն տնային տնտեսուհի և ամբողջ օրը կառչել կենցաղից: Մի փուլ եկավ, երբ դեպրեսիայի մեջ էի և անընդհատ ամուսնուս ասում էի՝ այս ամենը իմը չէ: Հետո սկսեցի դուրս գալ տնից՝ համատեղելով մայրությունը և այն կյանքը, որը ես վարում էի մինչ բալիկիս ծնվելը: Ճիշտ է, կտրուկ փոխվել է իմ կյանքը, բայց չեմ կարող ասել՝ ամբողջովին: Հիմա արդեն հավասարակշռության մեջ եմ և իմ կյանքի լավագույն փուլն եմ ապրում:

- Երեխային խնամելու հարցում բաժանումներ, պարտականություններ կա՞ն, թե ով ինչ պետք է անի։

- Ես չեմ ուզում այդ ամենը ընկալել որպես պարտականություն, քանի որ այդ ամենը մենք անում ենք մեծ սիրով: Ես երջանիկ մարդ եմ, որովհետև իմ ամուսինը հրաշալի խնամում է մեր երեխային, երբ ես բացակայում եմ տնից․ կարող եմ հանգիստ լինել, որ ամեն ինչ կարգին կլինի: Առաջին իսկ օրվանից ես վստահ էի, որ ամուսինս ամենալավ հայրն է լինելու, և այդպես էլ եղավ: Նույն հոգատարությամբ ինձ օգում են մայրս և սկեսուրս․ ես նրանց լիովին կարող եմ վստահել:

- Ինչպե՞ս է փոխվել առօրյադ։

- Ինձ համար առաջնահերթը երեխայիս հարմարավետությունն է: Ես ռեժիմով ապրող մարդ եմ, և ինձ մոտ ամեն ինչ դասակարգված է։ Երեխայի համար ևս փորձում եմ ռեժիմ սահմանել: Եթե աշխատանքի չեմ, օրը սկսում եմ բալիկի հետ։ Ունենք զբոսնելու հստակ ժամեր, նույնիսկ եթե ինչ-որ տեղ եմ գնում (իհարկե, ոչ մարդաշատ), տանում եմ ինձ հետ, և կա ժամ, որ ես պետք է տանը լինեմ, որպեսզի լողացնեմ և քնեցնեմ: Իսկ եթե ես ու ամուսինս տեղ ունենք գնալու, ապա դա անում ենք միայն նրա քնելուց հետո:

- Գիշերն ո՞ւմ է ավելի շատ անհանգստացնում։

- Պատկերացրեք՝ չի անհանգստացնում, շատ հանգիստ քնում է: Ծնված օրվանից էլ չի անհանգստացրել, շատ հանգիստ երեխա է:

- Այդ հանգստությունն ումի՞ց է ժառանգել՝ քեզանի՞ց, թե՞ ամուսնուցդ։

- Իր հայրիկին է նման: Եթե լսենք մայրիկիս, ես մինչև երեք տարեկանը չեմ թողել, որ իմ ծնողները գիշերը քնեն, այնպես որ, բալիկս, միանշանակ, հայրիկին է նման:

- Չնայած բալիկը դեռ փոքր է, և գուցե դեռևս դաստիրարակման հարցում խնդիրներ չկան, բայց, այնուամենայնիվ, քո և ամուսնուդ միջև տարակարծություններ լինո՞ւմ են երեխայի հետ կապված:

- Քանի որ երեխայի հետ օրվա մեծ մասը ես եմ անցկացնում, երևի ավելի շատ ամուսինս է  ինձ հարցնում՝ ինչը ինչպես պետք է անենք:

- Երեխայի անունն ինչպե՞ս ընտրեցիք։

- Ինչ ինձ հիշում եմ, սիրել եմ Վիկա անունը։ Երբ փոքր էի, բակում խաղալիս ասում էի` իմ անունը Վիկտորյա է, հետո, չգիտես ինչու, որոշել էի՝ երբ աղջիկ ունենամ, անունը Վիկա եմ դնելու: Շատ ուրախ եմ, որ ամուսինս ինձ հետ համաձայն եղավ․ նա էլ էր հավանում այդ անունը, և համընկավ, որ նրա տատիկի անունն էլ էր Վիկտորյա:

- Ո՞ւմ են նմանեցնում բալիկին։

- Երբ նոր էր ծնվել, ավելի շատ ինձ էր նման, հիմա սկսում է իր հայրիկին էլ նմանվել: Նա հետաքրքիր միքս է ստացվել: Ինչպես նրան պատկերացրել էի, այդպես էլ ծնվել է: Ես միշտ ասում էի՝ երանի աղջիկս իր հայրիկի կանաչա-մոխրագույն աչքերն ունենա, այդպես էլ եղավ: Մի հայացք ունի, որով տիպիկ իր հայրն է: 

- Սիմա, քեզ նայելիս բնավ չես ասի, որ բալիկ ես ունեցել: Ինչպես վերականգնեցի՞ր քաշդ և արդյո՞ք մարզվում էիր։

- Ես մարզվել եմ միշտ և չեմ դադարել հղիությանս ժամանակ ևս: Մինչև վերջին ամիսը ես մարզվել եմ: Ծննդաբերությունից անմիջապես տասը օր հետո վերականգնեցի մարզումներս: Գիրացել էի տասը կիլոգրամ, իսկ հիմա արդեն վերականգնել եմ նախկին քաշս:

- Այն տենդենցը, որ հայտնի մարդիկ չեն հրապարակում իրենց երեխաների լուսանկարները, քեզ շրջանցելո՞ւ է, թե՞ դու էլ կհետևես դրան։

- Ես չեմ ցանկանում, որ իմ երեխային ինչ-որ անծանոթ մարդիկ տեսնեն։ Գուցե ծիծաղելի է հնչում, բայց ես չեմ ուզում նրա նկարն ինչ-որ տեղ հրապարակել: Դեռևս այս զգացողությունն է, գուցե այդպես փորձում եմ պաշտպանել նրան: Ես մի քիչ փակ մարդ եմ, ինչը հավանաբար իմ մասնագիտության հետ կապ չունի: Իմ Ինստագրամը փակ է, և իմ մտերիմների համար հրապարակել եմ բալիկիս լուսանկարը, բայց հանրությանը ցույց տալ փոքրիկիս ես դեռ պատրաստ չեմ:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի  
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Հագուստը՝ The Muse