Շվեյցարացի գրող Ժակ Շեսսեի «Մարդակեր դևը» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ, ընթերցողի սեղանին է: Ստեղծագործության շնորհանդեսն անցկացվեց հոկտեմբերի 1-ին Հայաստանի գրողների միությունում: Իրադարձությանը ներկա էին ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Լուկաս Գասերը, Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը և այլ պաշտոնատար անձինք: Գիրքը հրատարակել է «Լուսաբաց»- ը: Շապիկին օգտագործված է Ռուբենսի «Սատուրն» կտավը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ողջունելով շնորհանդեսի մասնակիցներին, նշեց, որ ստեղծագործությունը հայերեն լույս է տեսել Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ:
«Ալեքսանդր Թոփչյանը տարբեր լեզուներից թարգմանություններ է կատարում և առաջիններից է, որ մեծ ստեղծագործողների գործերը թարգմանեց հայերեն: Այսօր մենք կարող ենք փաստել, որ Թոփչյանը շվեյցարական գրականությունից բազում գործեր է մատուցել մեր ընթերցողներին» ,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Միլիտոնյանը:
ՀԳՄ նախագահի խոսքով՝ թարգմանելով այլ ժողովուրդների գրականությունը, մենք պիտի ակնկալենք, որ մեր գրականությունը ևս կթարգմանվի այդ լեզուներով:
Բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը, խոսելով «Մարդակեր դևը» գրքի մասին, նշեց, որ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանն 82 թարգմանություններ է կատարել տարբեր լեզուներով:
«Ժակ Շեսսեի «Մարդակեր դևը» հրաշալի ստեղծագործություն է: Հաճույքով կարդացի վեպը, բավականին ծավալուն է: Այն լույս է տեսել 1973 թվականին, ստացել Գոնկուր մրցանակը, քննադատությունների ենթարկվել: Խորհուրդ եմ տալիս այն անպայման կարդալ»,-նշեց Արտեմ Հարությունյանը:
Շվեյցարացի ականավոր արձակագիր, բանաստեղծ և գրաքննադատ Ժակ Շեսսեի «Մարդակեր դևը» վեպը 1973 թ. արժանացել է Ֆրանսիայի ամենաբարձր՝ Գանկուր մրցանակին և թարգմանվել է աշխարհի ավելի քան 10 լեզվով: Այս ստեղծագործությունը սեփական երեխաներին խժռող Քրոնո աստվածահոր առասպելի արդիականացված մշակումն է:
Գրքի վերջում զետեղված է երկու նյութ՝ Ժակ Շեսսեի պատասխանն իր չարակամներին և թարգմանչի՝ Ալեքսանդր Թոփչյանի հոդվածը, որը գրվեց ի պաշտպանություն գրողի և 1997 թ. լույս տեսավ Փարիզի «Ռուսսկայա միսլ» շաբաթաթերթում: