Հայ և վրացի ժամանակակից արձակագիրների երկերն ամփոփող «Մթածմինդա» ժողովածուն ներկայացվեց հանրությանը: Ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիսի 11-ին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանում: Ժողովածուն լույս է տեսել Թբիլիսիում` 2013 թվականին: Այն կազմելու նախաձեռնողներն են Թարգմանիչների և հրատարակիչների  ԱՊՀ և Բալթյան երկրների համաժողովի կազմակերպիչները: Գիրքը հրատարակվել է պետ ական աջակցության շնորհիվ՝ Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Գրքի խմբագիրն է Անահիտ Թադևոսյանը:


Շնորհանդեսին ներկա էին ինչպես հայ, այնպես էլ վրացի մտավորականներ և մշակույթի գործիչներ:Ծրագրի ղեկավար Նաիրա Խաչատրյանը նշեց, որ Վրաստանում արդեն իսկ ստեղծվել էր Լիտվայի և Վրաստանի ժամանակակից գրողների գործերն ամփոփող գիրք:

 

«Նմանատիպ գրքերը հնարավորություն են տալիս երկու կողմերին էլ բացահայտել նոր անուններ: Ցանկացած նախաձեռնություն առաջին հերթին կախված է ֆինանսներից, և մենք դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարությանը: Մեզ աջակցեցին, և ահա արդյունքը: Կատարվել է մեծ աշխատանք՝ այս ժողովածուն ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նաիրա Խաչատրյանը:

 

Հայաստանում Վրաստանի դեսպանի խորհրդական Նինո Ապցիաուրին ընդգծեց, որ գիրքը հայ-վրացական բարեկամության խորհրդանիշներից մեկն է:

 

«Իզուր չէ, որ մենք այս գրքի շնորհանդեսն անցկացնում ենք Ս. Փարաջանովի տուն-թանգարանում: Փարաջանովը հայ-վրացական մշակութային և հոգևոր կապերի խորհրդանիշն է: Շատ հետաքրքիր է, որ գրքի անունը «Մթածմինդա» է: «Մթածմինդա» վրացերեն նշանակում է «սուրբ սար», վրացիների համար դա գրականության ամենամեծ կետն է: Ուրախ եմ, որ երկու երկրների մշակույթի նախարարություններն աջակցել են գրքի հրատարակությանը»,- նշեց Նինո Ապցիաուրին:

 

Գրքում են Հայ ժամանակակից գրողներ  Վրեժ Իսրայելյանի, Աննա Դավթյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Արամ Պաչյանի, Համբարձում Համբարձումյանի և այլ գրողների գործերը: