ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունն ամփոփվել է առանձին ձայնասկավառակում: Անվանի արվեստագետի լավագույն գործերն ամփոփող «Կինոերաժշտություն. ընտրանի» խորագիրը կրող ձայնասկավառակը նվիրված է գործչի 75-ամյա հոբելյանին: Այն ստեղծել և Մանսուրյանին են նվիրել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և Հայաստանի Հանրային ռադիոն: «Ես շնորհակալ եմ Աստծուց իմ ապրած յուրաքանչյուր օրվա համար. և՛ այն ուրախությունների համար, որ նա պարգևել է, և՛ այն տառապանքի համար, որ կրել եմ». Մանսուրյանի հենց այս խոսքերն են նշված ձայնասկավառակի վրա: 


Ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին: Իրադարձության մեկնարկին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ներկաներին հետաքրքիր, զվարճալի և տխուր պատմություններ պատմեց, որոնք հիմնականում վերաբերում էին կոմպոզիտորի՝ ռեժիսորների հետ համագործակցությանը:

 

«Խորապես զգացված եմ ձայնասկավառակի համար: Շնորհակալ եմ, որ միությունը՝ Ռուբեն Գևորգյանցի ղեկավարությամբ, որոշեց նման նվեր անել ինձ: Յուրահատուկ աշխատանք է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Տիգրան Մանսուրյանը:

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն ընդգծեց, որ Մանսուրյանին ճանաչում է դեռևս 1964 թվականից: «Տիգրան Մանսուրյանը հավաքում էր երիտասարդներին, դասախոսություններ էր պատմում անվանի դասական երաժիշտների մասին: Մենք այն ժամանակ չգիտեինք, որ Տիգրան Մանսուրյանն ինքն է դառնալու դասական»,-նշեց Գևորգյանցը:

 

Նրա խոսքով՝ Տիգրան Մանսուրյանը լավ մարդ է, լավ ընկեր է: «Մենք մեր միության կողմից փոքրիկ նվեր ենք արել և պատրաստել ենք նրա ձայնասկավառակը, որում նրա բոլոր գործերը չէ, որ ներառվել են»,-նշեց Գևորգյանցը:Իրադարձության ավարտին ներկաները դիտեցին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ պատրաստված «Արվեստակիրները» ֆիլմաշարի՝ Տիգրան Մանսուրյանին նվիրված կինոնկարը:

 

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը: Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, բոլորովին նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ:


Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում։ 


Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն: