Արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի ստեղծագործություններն ամփոփող «Վաղ, թե ուշ» գիրքը ներկայացվեց հանրությանը: Հունիսի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացվեց գրքի շնորհանդեսը, որն իր ներկայությամբ պատվեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը մասնակցեցին նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք, գրականագետներ և Վրեժ Իսրայելյանի արվեստը գնահատողներ:

 

Գիրքը լույս է ընծայել «Լուսակն» հրատարակչությունը` 2014 թվականին: Այն տպագրվել է 500 օրինակով` պետական աջակցությամբ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Վրեժ Իսրայելյանը մի քանի տարի աշխատել է ՊՆ-ում: «Նա այն առաջամարտիկներից էր, որ հայրենիքի կանչով ընդգրկվել էր մեր այս պայքարին և իր գիտելիքները, ստեղծագործական ունակություններն ուղղել հայրենիքի պաշտպանությանը: Նա երկար տարիներ ղեկավարել է ՊՆ տեղեկատվության վարչությունը: Վրեժ Իսրայելյանն այն անձնավորությունն է, որ իր միտքը կարողացել է հանձնել գրչին, և նրա ստեղծած գրական աշխարհը, անկասկած, վերաբերում է մեր նոր կյանքին»,-նշեց Օհանյանը:

 

Նախարարն ընդգծեց, որ Իսրայելյանը յուրահատուկ վերաբերմունք ուներ մեր հայրենիքի նկատմամբ: «Կարծում եմ, որ նրա կերպարը վառ կմնա մեր հուշերում»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ գրքում ընդգրկված են գրողի` տարբեր տարիների գործերը: «Այստեղ ներառված են Վրեժ Իսրայելյանի լավագույն պատվածքները: Գրքում կա նաև պիես: Նա մեր արձակ էր բերում ժամանակների խառնաձևումը: Գործերն իսկապես ունեն դասական արժեք: Հայ ժողովուրդը միշտ էլ կծնի բարձր գրողների: Գալիս են հրաշալի գրողներ և պիտի գան»,- նշեց Միլիտոնյանը:

 

Գրքի խմբագիր Ռոլանդ Շառոյանը նշեց, որ «Վաղ, թե ուշ» բառակապակցությունը Վրեժը Իսրայելյանը շատ էր օգտագործում թե' իր բանավոր, թե' գրավոր խոսքում: «Այդպես էլ իր տղայի` Մհեր Իսրայելյանի հետ որոշեցինք գրքի վերնագիրը դնել «Վաղ, թե ուշ» և դրա տակ հավաքել լավագույն գործերը: Գիրքը նաև 8 անտիպ գործ է պարունակում: Ես և Վրեժը 60 տարի միասին ենք եղել, նա իմ գրքի խմբագիրն է եղել, ես` նրա: Խմբագրելու մեջ դժվարություն չկար, գործերն ընտրելն էր դժվար»,- նշեց Շառոյանը:

 

Միջոցառմանը հաջորդեց Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն:

 

Հայ արձագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 2-ին: 1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում` որպես խմբագիր և ավագ խմբագիր: 1982-ից «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն է: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության և քարոզչության վարչության պետ:

 

Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ: