Արձակուրդային ամիսներից հետո եթեր են վերադարձել հին ու նոր նախագծերը ու հանդիսատեսին արդեն ծանոթ դեմքերը: «Քաղաքում» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում ևս շարունակում է նկարահանվել դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, ով մարմնավորում է Սոֆային:

 

 

ESem.am-ը Սոնայի հետ խոսել է նոր եթերաշրջանի, հագեցած ամռան ու վայելած հանգստի մասին: «Կերպարիս հետ կապված էական փոփոխություններ չկան, Սոֆան կրկին հղի է, սպասում է իր 5-րդ բալիկին ու շատ ուրախ է: Իսկ մեր ընտանիքում շարունակվում են հետաքրքիր ու, ամենակարևորը, հումորային իրադարձությունները»,- ասաց Սոնան, ով ամռան ողջ ընթացքում աշխատել է թատրոնում, նկարահանումներ է ունեցել ու մասնակցել «Պարահանդես» նախագծին:

 

«Պարել շատ եմ սիրում ու այդ նախագծին էլ մեծ սիրով էի մասնակցում. այդ սերը ինձ հասցրեց մինչև եզրափակիչ, բայց առանց հանգստի չէի կարող նոր եթերաշրջանում նկարահանվել սերիալում, փորձեր անել թատրոնում, քանի որ նոր թատերաշրջանը սկսում ենք մի քանի նոր ներկայացումով»,- հավելեց Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհին:

 

 

 

 

Ըստ Սոնայի՝ ամռան սկզբից քրոջ հետ ծրագրել են, թե ինչպես պետք է անցկացնեն հանգիստը: «Իտալիա անունը լսելիս սիրտս արագ էր բաբախում, երազում էի լինել այնտեղ ու համոզված էի, որ սիրահարվելու եմ այդ երկրին: Այդպես էլ եղավ»,-ասաց Սոնան, ով առաջին անգամ էր քրոջ հետ հանգստի մեկնում: «Իտալիայի մասին սկսեցի երազել, երբ կարդացի Իրվինգ Սթոնի «Муки и радости» գիրքը, որում մեծն քանդակագործ Միքելանջելոյի կյանքն է նկարագրված: Կարելի է ասել, նրա արվեստի միջոցով սիրահարվեցի Իտալիային, իսկ այնտեղ լինելու ժամանակ հասկացա, որ երբ ասում են Իտալիա՝ նկատի ունեն Միքելանջելո»,- նշեց նա:

 

 

Դերասանուհու խոսքով՝ հեքիաթային հանգիստ է ունեցել: «Այնտեղ լինելու տասն օրերի ընթացքում մշակութային շոկ եմ ապրել, տեսել եմ արվեստի այնպիսի գործեր, որ մտքովս չէր անցնում: Խոսքեր չեմ գտնում նկարագրելու զգացողություններս, երբ տեսա Սիքստինյան կապելլան, Միքելանջելոյի Դավիթը, նրա տուն թանգարանը, Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցին ու շատ այլ բաներ»,- ոգևորությամբ ասաց Սոնան, ում ամենաշատը տպավորել է Ֆլորենցիան: «Երևի պատճառն այն էր, որ այն Միքելանջելոյի ծննդավայրն է: Այնտեղ մարդիկ շնչում և արտաշնչում են Միքելանջելո: Շատ տպավորված եմ այդ երկրի մարդկանցով, նրանց վերաբերմունքով. հուսամ, էլի առիթ կունենամ այցելել այդ հրաշք երկիրը»,-եզրափակեց դերասանուհին:

 

 

 

 

 

 

 

 

 

 



Զրուցեց Արևիկ Իսաջանյանը