Դերասանուհի Ռոզի Ավետիսովան երկու շաբաթ անցկացրել է Իտալիայում: ESem.am-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ մեկնել էր Իտալիայում բնակվող քրոջը տեսակցելու, որի ընթացքում հասցրել է նաև հանգստանալ:

 

 

 

 

Դերասանուհուց տեղեկացանք, որ երրորդ անգամ է եղել Իտալիայի Աստի նահանգի Նիցա Մոնֆերատո քաղաքում, որտեղ բնակվում է քույրը: «Նախորդ այցս մեկուկես տարի առաջ էր: Այս տարի էլ եղա Աստի նահանգի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Թուրինում, Ալիսանդիայում»,-ասաց Ռոզին և նշեց, որ իրեն ամենաշատը գրավել է Թուրինի Եգիպտական թանգարանում լինելը: «Այդտեղ չէի եղել. այն աշխարհում երկրորդն է իր մեծությամբ, իսկ Եվրոպայում` միակը: Լինելով Իտալիայում` միաժամանակ ծանոթացա նաև եգիպտական մշակույթին: Վերացած մշակույթն ու մումիաներն իրականում տեսնելը շատ տպավորիչ էր»,-շեշտեց դերասանուհին: Ռոզիի փոխանցմամբ` այս ճամփորդության ընթացքում հասցրել է լինել նաև Թուրինի Սուրբ Վալենտինի անվան այգում: «Դա էլ էր շատ տպավորիչ: Այդ այգին Պո գետի ափին է, որտեղ բացի կանաչ տարածքը նաև ամրոց ու թանգարան կա»,-ասաց դերասանուհին, ում երազանքների քաղաքը Լոնդոնն է:

 

 

 

 

Թեև Ռոզին մի քանի անգամ եղել է Իտալիայում, մայրաքաղաք Հռոմում լինելու առիթ դեռևս չի ունեցել: Ըստ նրա` ավելի շատ ցանկություն ունի լինել Ֆլորենցիայում, Վենետիկում, հետո միայն Հռոմում: Նրա խոսքով` Իտալիայում լինելու օրերի ընթացքում հայերի չի հանդիպել,  քույրն այդ նահանգում բնակվող միակ հայն է:

 

 

 

 

Բացի շրջագայելն ու քրոջ օգնությամբ տարբեր տեսարժան վայրեր բացահայտելը, Ռոզին հասցրել է նաև հանգստանալ ու ընթերցանությամբ զբաղվել: «Եղան օրեր, որ տնից դուրս չեկա ու հասցրեցի ոչ միայն քնել ցերեկները, այլև ինձ հետ վերցրած Մուրակամիի գիրքը կարդալ»,-հայտնեց դերասանուհին և հավելեց, որ ամեն այցի ժամանակ նորովի է բացահայտում Իտալիան:

 

 

 

 

Վերադառնալուց անմիջապես հետո դերասանուհին անցել է իր ակումբային աշխատանքին` որպես բարմեն, ինչպես նաև խաղում է «Սիրահարված տաքսիստը» ներկայացման մեջ: Ռոզին նշեց, որ ամռանը ևս հանգստանալու ցանկություն ունի. նա իր լիարժեք հանգիստը կվայելի ծովափում:

 

 

 


Զրուցեց Արևիկ Իսաջանյանը