Օրերս ESem.am-ին հայտնի է դարձել, որ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանին տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին զրուցեցինք դերասանուհու հետ, ով մոտ 15 օր է՝ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում:
«Մոտ երկու-երեք ամիս առաջ շնչարգելություն ունեցա, աչքերս սկսեցին ուռել, դեմքի քոր սկսվեց, սակայն ուշադրություն չդարձրի դրան այնքան ժամանակ, մինչև դանակը ոսկորին հասավ ու դիմեցի բժշկի»,- ասաց դերասանուհին և հավելեց, որ մոտ 15 օր առաջ շտապ օգնության մեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց:
Անահիտի խոսքով՝ այս ամենն ալերգիայի հետևանք է, որի պատճառը մթնոլորտի աղտոտվածությունն է: «Այժմ բավականին լավ եմ զգում ինձ, փոփոխություն կա: Շաբաթվա վերջին հավանաբար տուն կգնամ` պայմանով, որ տանը կմնամ, քանի որ հիվանդությունը կարող է կրկնվել: Փաստորեն, առողջությունը զոհեր է պանահջում»,- նշեց Անահիտը:
Նա շեշտեց, որ միշտ խուսափել է հայ բժիշկներից, սակայն, ի զարմանս իրեն, այս օրերի ընթացքում շատ լավ վերաբերմունքի է արժանացել: Ըստ դերասանուհու՝ հիվանդանոցում հայտնվելն իրեն մեծ օգուտ է տվել: «Ամբողջ օրը գիրք եմ կարդում. այս ընթացքում հասցրել եմ լրացնել բաց թողածը»,- ասաց Անահիտը:
Դերասանուհու փոխանցմամբ` օրվա ընթացքում ընկերների ու հարազատների այցելությունների շնորհիվ իրեն միայնակ չի զգում: «Այստեղ նաև այլ հիվանդների հետ եմ շփվում, ովքեր, պարզվեց, իմ երկրպագուներն են»,- ավելացրեց նա:
Անահիտից պարզեցինք նաև, որ հնարավորինս շուտ պետք է ապաքինվի, քանի որ հոկտեմբերի 16-ին Սունդուկյանի անվան թատրոնում պրեմիերա ունի. հանդիսատեսին կներկայացվի «Վախի մեջ» ներկայացումը:
ESem.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Անահիտին:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը