Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ «Love մարդ» աշխատանքային վերնագիրն ունեցող ռոմանտիկ կատակերգության մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ այն հետարտադրական փուլում է և հոկտեմբերի վերջին կբարձրանա մեծ էկրան: ESem.am-ը ֆիլմի մասին զրուցել է դրա ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի հետ:

 

 

«Love մարդ»-ի գլխավոր հերոսներին մարմնավորում են Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Թամարա Պետրոսյանը, Սաթի Ջանիբեկյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Արամոն, Լևոն Հարությունյանը, Ալինա Մարտիրոսյանը և այլք: Ֆիլմի սցենարի հեղինակներն Աշոտ Աբրահամյանն ու Սարգիս Մնոյանն են, բեմադրող օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, քասթինգի տնօրենը՝ Հասմիկ Հակոբյանը, պրոդյուսերը՝ Ալիկ Մարգարյանը:

 

Ֆիլմի հիմքում բժշկի մասին պատմություն է. պլաստիկ մի վիրաբույժ Ամերիկայից գալիս է Հայաստան՝ վիրահատություններ անելու համար և ընկնում արկածային տարբեր իրավիճակների մեջ: Հրանտ Երիցկինյանի խոսքով՝ այստեղ կա սեր, բաժանում, կռիվ, ուրախություն… կինոնկարն էքշըն կատակերգություն է:

 

 

 «Երբ սցենարը գրվում էր, ինձ համար միանշանակ պարզ էր, որ հերոսին Սոս Ջանիբեկյանն է մարմնավորելու: Հնարավոր է՝ հետագայում ինքը չկարողանար  նկարահանվել, բայց այդ պահին ես արդեն տեսնում էի նրան. դերասանի բնավորությունը, տեսակը շատ է օգնում սցենարը կառուցելու հարցում: Նույնն է եղել նաև Հովհաննես Ազոյանի դեպքում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

 

Այս անգամ Հովհաննես Ազոյանն այլ կերպ է ներկայանալու՝ նա մարմնավորում է բացասական հերոսի: Նրա սանրվածքի փոփոխությունն արդեն իսկ բավականին մեծ աժիոտաժ է առաջացրել համացանցում: Ռեժիսորի խոսքով՝ ի սկզբանե նպատակ չեն ունեցել, որ հումորիստի նոր կերպարը պետք է տարբերվի նախորդներից. «Նկարահանել ենք ֆիլմ, որտեղ որպես բացասական հերոս տեսել ենք  Հովհաննես Ազոյանին. ոչ մի պարագայում նախորդներից տարբերվելու, ավելի լավը կամ վատը լինելու խնդիր չի դրվել»:

 

 

Ֆիլմի նկարահանումները կայացել են Երևանում: Բյուջեի մասին խոսել ռեժիսորը դժվարացավ, քանի որ հետարդարական փուլը բավականին ծախսատար է, իսկ այդ դեռ ընթացքի մեջ է:

 

Սա Հրանտ Երիցկինյանի դեբյուտային ֆիլմն է, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ընտրել հատկապես այս ժանրը, արդյոք հաշվի առել է, որ կատակերգություններն այսօր բավականին մեծ լսարան են գրավում. «Պատճառ չի եղել, որ առաջին ֆիլմս կատակերգություն լինի: Այս ֆիլմն ավելի շատ ռոմանտիկ է, քան կատակերգություն, թեթև ժանրի կինո է: Որպես դեբյուտ՝ շատ մեծ հաճույքով կատակերգություն  նկարահանեցի. նախ՝ սցենարը դուրս եկավ, երկրորդ՝ ամեն բան ինքնաբերաբար ու սահուն ստացվեց: Այդ ընթացքում շատ սցենարներ ենք քննարկել, կարծում եմ՝  սրա ժամանակն էր»:

 

 

Ինչ վերաբերում է հայկական կինոարտադրությունում կատակերգությունների օրեցօր աճող թվին և դրանց հասցեին հնչող քննադատություններին՝ ռեժիսորն ասաց, որ չի ընդունում, երբ ոչ մասնագետներն են քննադատում այս կամ այն գործը: «Մարդ իրավունք ունի կարծիք ունենալ ցանկացած բանի մասին, սակայն ցանկացած մարդ իրավունք չունի արտահայտել իր կարծիքը կամ փաթաթել ուրիշի պարանոցին:

 

Եթե քննադատությունն առողջ է՝ քննարկման մակարդակի, ընդունում եմ այն, սակայն չեմ ընդունում, երբ ոչ կոմպետենտ մարդը համակարգչի առաջ նստում ու ինչ-որ բան է գրում՝ լայքեր հավաքելու համար: Մարդը կարող է իր կարծիքն ասել, ոչ թե գնահատել՝ դա լավ է, թե վատ»,- նշեց նա՝ հավելելով, որ մասնագիտական սուր քննադատություն այս թեմայով չի լսել:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը