Հայաստանի ժամանակակից արվեստների միությունը նախաձեռնել է «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակներում հայտնի մարդիկ քաղաքացիներին հրավիրում են միասին քննարկելու այս կամ այն գիրքը:

 

 

«Մենք հաճախ կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր ասում են, որ մեր սերունդը շատ չի կարդում: Ինքս երիտասարդ սերնդի ներկայացուցիչ եմ` ընդամենը 17 տարեկան, սակայն ոչ միայն ասում եմ, որ երիտասարդները չեն կարդում, այլև փորձում եմ միջոցներ ձեռնարկել, որ երիտասարդները սկսեն կարդալ»,- ESem.am-ին ասաց նախագծի հեղինակ, Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը, ով այժմ հանձնում է ընդունելության քննությունները:

 

 

Ըստ նրա` մեծ ձեռքբերում կլինի, եթե հայտնիներից յուրաքանչյուրի գովազդած գիրքը կարդա գոնե մեկ մարդ: «Մենք փորձել ենք հայտնիությունն օգտագործել հանուն գրքի գովազդի, գովազդ, որին նրանք մասնակցել են անշահախնդիր»,- ընդգծեց նա` հավելելով, որ նախագիծը շարունակական է լինելու, ներգրավելու են նաև քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ: Մանուկի փոխանցմամբ` շոու բիզնեսում կան մարդիկ, ում հետ եղել է համաձայնություն, սակայն այս շրջանում երկրում չեն, նրանց մասնակցությամբ քննարկում կկազմակերպվի հաջորդիվ:

 

 

Գրքերն ընտրելու համար նախագծի կազմակերպիչներն առանձնացրել հատուկ ցանկ: «Նախապես դուրս ենք գրել ամերիկյան պարբերականների հարցումների արդյունքում աշխարհի բոլոր ժամանակների և քաղաքակրթությունների 100 լավագույն գրքերի ցանկը: Դրանցից առանձնացրել ենք այն գրքերը, որոնք հրատարակված են հայերեն և նոր հրատարակություն են»,- ESem.am-ին ասաց 17-ամյա պատանին` նշելով, որ վերջնական ցանկում ներառվել է 17 գիրք, որոնք ուղարկել են հայտնիներին:

 

 

«Հովհաննես Ազոյանը հանուն նախագծի կարդացել է Ջորջ Օրուելի «Անանսնաֆերման» և շատ է հավանել, Սոս Ջանիբեկյանն ընտրել էր գրքերի հստակ զանգված, սակայն որոշեց նոր բան կարդալ և ընտրեց Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը»: Նազենին հստակեցրել էր, որ իրեն պետք է Ալեքսանդր Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը», որը նախկինում արդեն կարդացել էր, իսկ Ավետն առաջին վայրկյանին ասաց, որ ընտրում է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», նա ևս նախկինում կարդացել էր այս գիրքը,- հայտնեց Մանուկը` ընդգծելով, որ մուտքն անվճար  է և առանց հրավիրատոմսի: -Մուտքն ազատ է, իհարկե, ցանկալի է, որ մարդիկ կարդացած լինեն գիրքը, հակառակ դեպքում, արդյունավետ չի լինի: Եթե նույնիսկ չեն կարդացել, սակայն ցանկանում են լսել, թե ինչ կարծիք ունի հայտնի մարդն այդ գրքի մասին, մենք որևէ կերպ չենք սահմանափակում իրենց ներկայության ցանկությունն ու իրավունքը»:

 

 


Ողջունելի նախագիծ է. Ամալյա Հովհաննիսյան