Երեկ «Փոքր թատրոնի» դերասանուհի, բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերից ու հեռուստասերիալներից հայտնի Վիվյեն Բաստանջյանը տոնում է ծննդյան 40 ամյակը: Տարեդարձի կապակցությամբ դերասանուհին արդեն հասցրել է բազմաթիվ շնորհավորական զանգեր ու հաղորդագրություններ ստանալ:

 

«Առաջինն իմ ծանոթուհի Միլենն է շնորհավորել ինձ: Անկեղծ ասած` նրա զանգն անսպասելի էր, այնուհետև ստացա դստերս շնորհավորանքն ու անակնկալ նվերը, որը մի փոքր ուշացավ, բայց ի վերջո հասավ:)»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Վիվյենը:

 

 

Դերասանուհին չի տոնել 40 ամյակը: «Սովորաբար 40 ամյակը չեն տոնում, դրա համար այսօր չեմ նախատեսում առանձնահատուկ մի բան անել, աշխատանքային ու ընտանեկան սովորական  օր է լինելու, քիչ հետո գործնական հանդիպման եմ, որից հետո տանն եմ լինելու. ով ցանկանա ինձ հյուր գալ, սիրով կընդունեմ ու կհյուրասիրեմ:),- նշեց Վիվյենը` հավելելով, որ մեծ խնջույքների սիրահար չէ: -Սովորաբար մեծ միջոցառումներ չեմ սիրում, նախընտրում եմ ընտանեկան ու ընկերական ջերմ շրջապատում նշել ծննդյանս օրը, թեև պատահել է, որ բավականին շատ հյուրեր եմ ունեցել»:

 

 

Խոսելով ծննդյան անմոռանալի տոնի մասին` դերասանուհին հիշեց Եգիպտոսում անցկացրած տարեդարձը: «Եգիպտոսում փառատոնի էի մասնակցում. շուրջ 35 երկրների ներկայացուցիչներ միաժամանակ շնորհավորեցին ինձ ու ծաղիկներ նվիրեցին, հյուրանոցի համարս ողողված էր ծաղիկներով»,- պատմեց դերասանուհին, ով մինչ օրս խնամքով պահում է տարիներ առաջ ծննդյան օրվա կապակցությամբ տատիկի նվիրած մատանին:

 

 

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը` դերասանուհին նշեց, որ այժմ իր համար բուռն շրջան է: Սեպտեմբերի 15-ից էկրաններին կլինի նրա մասնակցությամբ «Խաչվող հետքեր»  հեռուստասերիալը, իսկ ավելի ուշ մեծ էկրան կբարձրանա «Լուսավոր շրջան» գեղարվեստական ֆիլմը, որտեղ դերասանուհին մարմնավորում է գլխավոր դերակատարներից մեկին: Հավատարիմ մնալով թատրոնի իր հանդիսատեսին` սեպտեմբերի 15-ից Վիվյենը կրկին «Փոքր թատրոնի» կլինի բեմում:

ESem.am-ը շնորհավորում է դերասանուհուն և նորանոր հաջողություններ մաղթում:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը