Ֆրանսիացի անվանի դերասան Պիեռ Ռիշարը նշում է հոբելյանը: «Բարձրահասակ շիկահերն» այսօր դարձավ 80 տարեկան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դերասանն ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է տարեդարձը նշել ընտանիքի անդամների հետ Ֆրանսիայի հարավում գտնվող իր «Շատո Բել Էվեկ» գինու տնտեսությունում:
«Մեծ հանդիսություններ չեմ պլանավորում: Կլինեն միայն ընտանիքիս անդամներն ու ամենատերիմ ընկերներս՝ ընդամենը 20 մարդ»,- ասել է նա:
Անվանի դերասանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 16-ին տեքստիլ արդյունաբերողի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է պապի ընտանիքում, ով ծագում էր ազնվանական տոհմից։ Չափահաս դառնալուց հետո տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ սկսում է հաճախել դրամատիկական կուրսերի:
Սկզբնական շրջանում խաղացել է հեռուստատեսային ֆիլմերում։ Առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1957 թվականին նկարահանված «Մոնպառնաս, 19» ֆիլմում ։ 1967 թվականին նկարահանվել է ռեժիսոր Իվ Ռոբերի «Օրհնված Ալեքսանդրը» ֆիլմում: Այնուհետ հանդես է գալիս Ռոբերի մի քանի այլ կինոնկարներում ևս: Ռիշարին ճանաչում բերեց 1976 թվականին Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը» ֆիլմում լրագրող Ֆրանսուա Պերենի դերը։ Դրան հաջորդեցին Վեբերի ևս մի քանի աշխատանքներ Ժերար Դեպարդիե հետ, որոնցից հետո թե' Պիեռ Ռիշարը և թե' Ժերար Դեպարդիեն դարձան հանրահայտ դերաս աններ, իսկ կյանքում՝ ընկերներ։
1996 թվականին դերասանը նկարահանվում է վրացի ռեժիսոր Նանի Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի հազար ու մեկ բաղադրատոմսերը» քաղաքական կատակերգությունում, որի համար Կաննի կինոփառատոնում արժանանում է լավագույն դերասան մրցանակին։ 1996 թվականից սկսած խաղում է նաև «Ալեֆ» թատրոնում։ Ռիշարի առաջին ռեժիսորական աշխատանքը դարձավ 1970 թվականին նկարահանված «Ցրվածը» ֆիլմը, որտեղ նա նաև հանդես եկավ գլխավոր դերով։
1970-ական թթ. Պիեռ Ռիշարը հիմնում է սեփական «Ֆիդելին ֆիլմ» կինոստուդիան, որը զբաղվում էր ֆիլմերի արտադրության և վարձույթուվ:
Բացի կինոստուդիայի աշխատանքներից, Ռիշարն ընկերոջ՝ Ժերար Դեպարդիեյի խորհրդով գնում է խաղողի այգիներ Ֆրանսիայի հարավային մասում։ Տարեկան նա վաճառքի է հանում մի քանի տասնյակ հազար շիշ գինի, իսկ մի մասը արտահանվում է Բելգիա։