Աշխարհի ամենակրակոտ երգչուհիներից մեկը՝ Ջենիֆեր Լոպեսն, այսօր՝ հուլիսի 24-ին, նշում է ծննդյան 51-ամյակը: Լոպեսն իր էներգետիկայով, հմայքով ու գրավչությամբ վառ ապացույց է, որ կինը կյանքի ցանկացած շրջանում կարող է ստվերել իրենից շատ ավելի երիտասարդ կանանց, իսկ արտիստը պահանջված է այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իրեն գնահատում է եւ կարեւորում իր աշխատանքն ու կարողությունները: Հենց այսպիսին են 51-ամյա Ջենիֆեր Լոպեսի կյանքի սկզբունքները: Դրանց մասին երգչուհի-դերասանուհին խոսել է Vanity Fair, Glamour, Cosmo for Latinas, Elle եւ այլ ամսագրերին տված իր մի շարք հարցազրույցներում եւ True Love ինքնակենսագրականում: Ներկայացնում ենք Լոպեսի ոգեշնչող մտքերից մի քանիսը:

«Այն պահին, երբ թվում է, թե ճշմարտությունն ասելն անհարմար է, դա է հենց այդ պահը, երբ պետք է այն բարձրաձայնել»:

«Ես հայտնաբերել եմ, որ ռիսկի դիմելը, ինքդ քեզ հավատարիմ լինելը եւ հանուն լավ նպատակի որոշումներ կայացնելը հանգեցնում են նրան, որ քո սպասելիքները գերազանցվում են»:

«Քո սխալները քեզ չեն բնորոշում: Քեզ բնորոշում է այն, ինչ դու անում ես սխալվելուց հետո»:

«Պետք է միշտ հիշես անհատականությանդ արժեքը՝ այն, որ դու ունես մի բան, ինչը տարբերում է քեզ մյուսներից»:

«Առաջինը պետք է ինքդ քեզ գնահատես: Նախ սիրիր քեզ, որպեսզի կարողանաս սիրել ուրիշին: Եվ հիշիր, որ դու ամենալավ բաներին ես միշտ արժանի»:

«Պետք է կանգնես ու ասես՝ ոչ մի վատ բան չկա իմ եւ իմ չափսերի մեջ, այդ դուք եք խնդիրներով»:

«Արտիստ լինելը չի սկսվում այն ժամանակ, երբ դու 21 տարեկան ես ու չի ավարտվում 51 տարեկանդ լրանալուց հետո: Դու այն ես, ինչ կաս մինչեւ կյանքիդ վերջը»:

«Մենք ոչ ոքի վերաբերմունքը չենք կարող փոխել: Մենք միայն մեր իսկ վերաբերմունքն ենք կարող փոխել»:

«Երբեմն պետք է ուսումնասիրես խավարը, որպեսզի հասնես լույսին ու գտնես քո իրական էությունը»:

«Կարծում եմ՝ եթե մտքումդ մի բան ես կարողանում անել, ուրեմն՝ դա կարող ես անել նաեւ իրականում: Չպետք է կասկածի տակ դնես ուժերդ: Կասկածը սպանում է»:

«Դժվար պահերին միշտ հիշիր՝ դու ապրելու ես, դու սիրելու ես, դու կրկին պարելու ես…»:

«Դու կարող ես ունենալ հրաշալի ուսուցիչ, հրաշալի կյանքի ընկեր, սիրելի, որը միշտ կողքիդ է ու քեզ ինքնավստահություն է ներշնչում, բայց եթե դու ինքդ քեզ չես հավատում, այդ ամենը ոչ մի արժեք չունի»: