Բազմաթիվ արվեստագետներ, արվեստասերներ, հայտնի կինոգործիչներ և պարզապես «Ոսկե ծիրան» փառատոնի երկրպագուներ մասնակցեցին 11-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Սպասված և սիրված կինոտոնի բացման պաշտոնական արարողությունն այս տարի անցկացվեց հուլիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս տարի ևս փառատոնի հյուրերը և մասնակիցներն անցան թատրոնի մուտքի առջև տեղադրված կարմիր գորգով:


Սերգեյ Փարաջանովի հոբելյանին նվիրված փառատոնի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնատար անձինք: Հանդիսությունն անցկացվեց փարաջանովյան ներշնչանքով: Ներկայացվեց Փարաջանովի թեմաներով «Սպիտակի մեջ» խորագրով գեղարվեստական ինստալիացիոն ծրագիրը` իրականացված իտալացի արվեստագետ Ռինո Ստեֆանո Տագլիաֆիեռոյի գեղարվեստական ղեկավարությամբ:


««Ոսկե ծիրան»-ը մեզ համար դարձել է սպասված և կարևոր մշակութային իրադարձություն: Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումը և հեղինակությունը: Այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ աշխարհի ավելի քան 120 երկրներից: Կարևորում եմ «Ոսկե ծիրան» փառատոնի նշանակությունն ու դերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շնորհավորելով ներկաներին փառատոնի մեկնարկի կապակցությամբ՝ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը կարևորեց փառատոնի աջակիցների դերն իրադարձության անցկացման գործում: «Նախորդ տարի մենք տոնեցինք մեր փառատոնի 10-ամյակը, և այսօր սկսում ենք նոր թվից`11-ից: 11-ից արդեն նոր ծրագրեր, նոր ցանկություններ, նոր ֆիլմեր: Հաջողություններ չէինք ունենա, եթե չլինեին մարդիկ, ովքեր օգնել են մեզ այսքան տարիներ»,-նշեց նա:

 

Բացման արարողությունն իր ելույթով պատվեց հայազգի աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, ով առաջին անգամ հանդես եկավ ծիրանափողի նվագակցությամբ: Այնուհետև տեսաշարի միջոցով հանրությանը ներկայացվեցին փառատոնի մրցութային ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Հանդես եկավ նաև «Զանգակներ» համույթը:

 

 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։


«Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։