«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: Այս տարի փառատոնը նվիրված է հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին և «Հարգանի տուրք» ծրագրի շրջանակներում երեկ ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի և Դոդո Աբաշիձեի «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմը: Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում հավաքվել էին ինչպես ավագ սերնդի ներկայացուցիչներ, այնպես էլ երիտասարդներ` դիտելու լեգենդար ռեժիսորի ֆիլմը :)
Վրացական հին լեգենդի այս մշակման մեջ ընդգծվում էր Փարաջանովի ձեռագիրը ու ամեն անգամ հանդիսատեսն արձագանքում էր` սա Փարաջանովն էր… Ֆիլմի ավարտին շատերը միմյանց հարցնում էին` տեսներ ո՞ր հատվածներն էր նկարահանել վրացի ռեժիսորը, քանի որ Փարաջանովի շունչը զգացվում էր գրեթե բոլոր դրվագներում:
Ֆիլմը պատմում է, թե ինչպես է երիտասարդ Զուրաբն իրեն զոհաբերում, որպեսզի Սուրամի ամրոցը, որը շարունակ փլուզվում էր, կանգուն լինի: Սցենարի հեղինակը Վաժա Գիգաշվիլին է: Դերերը մարմնավորել են Դոդո Աբաշիձեն, Վերիկո Անջափարիձեն, Սոֆիկո Ճիաուրելին, Զուրաբ Ղիփշիձեն, Լևան Ուջանեյշվիլին, Լեյլա Ալիբեգաշվիլին և այլք:
Փարաջանովն այս ֆիլմը նկարահանել է 1984 թվականին` Վրացֆիլմում աշխատելու տարիներին:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը