Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հինգերորդ տարին Հայաստանում անցկացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-րդ հոբելյանին: Կինոսիրողներին հայկական հին և նոր ֆիլմերի նմուշները ներկայացնող փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի մեկնարկից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ ազգային կինոյի ծրագիրը դարձել է ավանդական և սպասված:
«Ծրագիրը մասշտաբային է իր միջոցառումներով և ընդգրկումով: Այն իր մեջ է ներառում բոլոր մարզերը, զորամասերը, ուսումնական հաստատությունները: 150 կինոդիտումներ են նախատեսված հանրապետության մարզերում և համայնքներում: Այնտեղ ներկայացվելու են մեր կինոյի ձեռքբերումները: Կանցկացվեն հանդիպումներ, կլոր-սեղաններ, կրթական ծրագրեր: Այս տարի կինոդիտումներ կլինեն սահմանապահ համայնքներից Երասխում և Այգեպարում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արթուր Պողոսյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ կինոտոնը կմեկնարկի Վանաձորում՝ Փարաջանովին նվիրված ֆիլմի ու Վանաձորի արդյունաբերական կյանքի մասին պատմող վավերագրական կինոնկարի ցուցադրությամբ:
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը տոն դարձավ բոլորի համար, այն սպասված իրադարձություն է ամբողջ հանրապետությունում: Բավականին բարդ էր նախկինում ցուցադրություններ կազմակերպել, իսկ այժմ բոլոր մարզերից սկսում են զանգահարել և սպասում են այս ծրագրին: Ուրախ եմ, որ հայկական կինոն դառնում է սիրելի հանրության համար»,-նշեց Գևորգյանը՝ հավելելով, որ այս տարվա ծրագիրը ևս շատ հագեցած է:
«Կինոաշուն»-ը նախորդ տարիների պես միաժամանակ կանցկացվի մարզերում և Երևանի համայնքներում՝ բազմազան և գունեղ կինոծրագրերով: Բուհերի համար հատուկ ընտրվել են վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը, որոնց համար կհայտարարվի «Լավագույն գրախոսական» ավանդական մրցույթը:
Արդեն երկրորդ անգամ «Կինոաշուն» ծրագրի շրջանակում կհայտարարվի «Հին և նոր երևանցի» թեմայով 7-10 րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթ, որն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի հետ:
Այս անգամ ևս կնշվեն անվանի կինոգործիչների՝ Առնոլդ Աղաբաբովի, Բագրատ Հովհաննիսյանի, Գենադի Մելքոնյանի, Արման Մանարյանի հոբելյանները: Կանցկացվեն նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրությունններ:
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրի այս տարվա հովանավորն է Ինեկոբանկը: