«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կնվիրվի Փարաջանովի 90-ամյակին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 13-20-ը:
«Ոսկե ծիրանը» ձեզ շատ է կարոտել: Այս տարին նույնպես շատ կարևոր է փառատոնի համար: Կպահպանվեն բոլոր մրցութային և ոչ մրցութային ծրագրերը, սակայն ամբողջ փառատոնը կպտտվի Փարաջանովի, իր արվեստի, ֆիլմերի, կոլաժների շուրջ: Կհրավիրենք նաև փարաջանովյան թեմաներով գործեր կատարած մարդկանց, ովքեր շատ հետաքրքիր ծրագիր են արել: Կարծում եմ, բացման արարողությունը այս անգամ ևս կկազմակերպենք Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Հարություն Խաչատրյանը:
Լրատվամիջոցներն արդեն իսկ կարող են հավատարմագրել իրենց աշխատակիցներին' այցելելով փառատոնի պաշտոնական կայքը: Հավատարմագրման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:
Ֆիլմեր ուղարկել ցանկացողները պետք է շտապեն, քանի որ վերջնաժամկետը լրանում է ապրիլի 15-ին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին' «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործու մ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ'մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։