Հայաստանի կոմպոզիտորների միությունում մեկնարկեց «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագիրը, որը կրում է «Երեխաները՝ երեխաների համար» խորագիրը: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռնել հասարակության տարբեր սոցիալական շերտերի մաս կազմող և առողջական խնդիրներ ունեցող մանուկներին երաժշտության միջոցով անարգել շփվել միմյանց հետ՝ ինտեգրվելով հասարակության մեջ՝ որպես լիիրավ և անկաշկանդ անդամ: Երեք փուլով անցկացվող ծրագիրն սկսվեց հունիսի 30-ին՝ Կոմպոզիտորների միության դահլիճում: Փոքրիկների համար իրենց կատարումներով հանդես եկան Հ.Դանիելյանի, Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցների սաները: Բացի այդ, իրենց աշխատանքների ցուցադրությամբ ներկայացան «Decart» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի պատանի արվեստագետները:


ՀՀ վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Ք.Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանն ընդգծեց, որ միջոցառման խորագիրը հրաշալի է ընտրված: «Գունեղ և հետաքրքիր միջոցառում է: Մեր և Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաներն իրենց ելույթներով ջերմացնում են բոլոր այն երեխաներին, ովքեր ինչ-որ խնդիրներ ունեն: Նման միջոցառումը նրանց սովորեցնում է բարեգործություն անել, և այն դաստիարակչական բնույթ ունի»,- նշեց Գյանջումյանը:

 

Կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղար, կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանը նշեց, որ մասնակից երեխաներին միությունը կպարգևի անմոռանալի և հրաշալի տոն: «Թվում է, թե Կոմպոզիտորների միությունը պետք  է զբաղված լինի միայն պրոֆեսիոնալ հայ երաժշտության տարածման և պահպանման խնդիրներով, բայց մեր նորընտիր կազմն այսպիսի որոշում է ընդունել, որ մենք պետք է զբաղվենք նաև մեր երեխաների ճաշակի ձևավորման հարցով: Գաղափարները կմնան վերացական, եթե դրանք չիրագործվեն բարի կամքի առկայության դեպքում: Այս գեղեցիկ միջոցառումն իրականացվել է հանրապետության առաջին տիկն Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ում հայտնում ենք մեր ակնածանքը»,- նշեց Սվետլանա Ալեքսանյանը:

 

Հայաստանի կոմպոզիտորների միությունը, կարևորելով մանուկների երաժշտական դաստիարակությունը, գրագիտությունը և ազգային երաժշտության նկատմամբ սեր սերմանելը, ամռան ամիսներին կանցկացնի  «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագիրը:

 

Ծրագրի երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 12-ին, որի ընթացքում երեխաները կհյուրընկալվեն Կամերային երաժշտական թատրոնում: Երեխաները կդիտեն «Մոխրոտը» երաժշտական ներկայացումը, այնուհետև Սիրահարների այգում կմասնակցեն հյուրասիրության: Ծրագրի ավարտական` երրորդ փուլը կանցկացվի Է. Միրզոյանի անվան Դիլիջանի ստեղծագործական տանն, օգոստոսի վերջին, որտեղ կհամախմբվեն այս նախագծում ներառված բոլոր երեխաները: Այդ օրը երեխաների կողքին կլինեն կոմպոզիտորներ, նկարիչներ և այլ արվեստագետներ:

 

Կոմպոզիտորների միությունը հուսով է, որ այս նախագծի պարգևած ուրախ տրամադրությունն ու դրական հույզերը կուղեկցեն երեխաներին ուսումնական ողջ տարվա ընթացքում: Միջոցառումն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: