Հայաստանի կոմպոզիտորների միությունը, կարևորելով մանուկների երաժշտական դաստիարակության, գրագիտության և ազգային երաժշտության նկատմամբ սեր սերմանելը, ամռան ամիսներին կանցկացնի «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագիրը: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռնել հասարակության տարբեր սոցիալական շերտերի մաս կազմող և առողջական խնդիրներ ունեցող մանուկներին երաժշտության միջոցով անարգել շփվել միմյանց հետ՝ ինտեգրվելով հասարակության մեջ՝ որպես լիիրավ և անկաշկանդ անդամ:


Ծրագիրը, որը կանցնի երեք փուլերով, կմեկնարկի հունիսի 30-ին՝ Կոմպոզիտորների միության դահլիճում: Այդ օրը փոքրիկների համար իրենց կատարումներով հանդես կգան Հ.Դանիելյանի, Ք.Քուշնարյանի արվեստի դպրոցների սաները, իսկ իրենց աշխատանքների ցուցադրությամբ կներկայանան «Decart» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Քուշնարյանի արվեստի դպրոցի պատանի արվեստագետները: Երկրորդ փուլը կանցկացվի հուլիսի 12-ին, որի ընթացքում երեխաները կհյուրընկալվեն Կամերային երաժշտական թատրոնում: Ծրագրի ավարտական` երրորդ փուլը կանցկացվի է. Միրզոյանի անվան Դիլիջանի ստեղծագործական տանն, օգոստոսի վերջին, որտեղ կհամախմբվեն այս նախագծում ներառված բոլոր երեխաները: Այդ օրը երեխաների կողքին կլինեն կոմպոզիտորներ, նկարիչներ և այլ արվեստագետներ:


Կոմպոզիտորների միությունը հուսով է, որ այս նախագծի պարգևած ուրախ տրամադրությունն ու դրական հույզերը կուղեկցեն երեխաներին ուսումնական ողջ տարվա ընթացքում: Միջոցառումն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: