Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի ևս իր շուրջ կհամախմբի տարբեր երկրների լավագույն երաժիշտներին: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ սեպտեմբերին և հոկտեմբերին անցկացվող ամենամյա տոնն այս տարի ևս հարուստ ծրագիր ունի:


ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանի խոսքով՝ Հայաստանում ելույթ ունեցող երաժիշտների ցուցակը շատ մեծ է: «Փառատոնի բացման համերգին կնվագենք աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Կիրիլ Գերշտեյնի հետ: Մեկը մեկից լավ երաժիշտներ են հանդես գալու ՀՊՖՆ-ի հետ: Սպասում եմ, որ լավ փառատոն պիտի լինի: Ընթացքում նվագախումբը մեկնելու է Գերմանիա և Ավստրիա՝ հյուրախաղերի: Այդ ժամանակահատվածում հանդիսատեսը կվայելի կամերային համերգներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էդվարդ Թոփչյանը:

 

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական բացումը կազդարարվի սեպտեմբերի 12-ին: Բացման համերգին ՀՊՖՆ-ի հետ հանդես կգա անվանի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնը: Իրենց ելույթներով փառատոնը կզարդարեն դաշնակահարներ  Վահան Մարտիրոսյանը, Արմինե Գրիգորյանը, Ալեքսանդր Մելնիկովը և Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, ջութակահարներ Անուշ Նիկողոսյանը,  Սերգեյ Կռիլովը, Պավել Վերնիկովը և Վահրամ Սարաջյանը, թավջութակահար Ալեքսադր Չաուշյանը, ալտահարներ  Դիմուտ Պոպպենը և Յանա Դարյանը, կոնտրաբասահար Կարեն Խաչատրյանը: Բացի այդ, մենահամերգով հանդես կգան դաշնակահար Էշլի Վոսը և ջութակահար Բորիս Բրովցինը:

 

Մաեստրոյի համոզմամբ՝ այս տարվա փառատոնն առանձնահատուկ կլինի, որովհետև ֆիլհարմոնիկն ավելի լավ կնվագի:  «Նվագախումբը վերջին շրջանում իսկապես մեծ աճ է արձանագրել, և հիմա ավելի լավ է նվագում»,-նշեց նա:

 

Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 24-ին: ՀՊՖՆ-ը և Էդվարդ Թոփչյանը հանդես կգան ֆլեյտահար Մասիմո Մերչելիի, կիթառահար Ֆաբիո Զանոնի և դաշնակահար Սիմոն Տրպչեսկու հետ: «Փառատոնի փակման համերգին տեղի կունենա Քշիշտոֆ Պենդերեցկու Ֆլեյտայի կոնցերտի պրեմիերան: Մենք այն կկատարենք Մասսիմո Մերչելիի հետ, քանի որ Պենդերեցկին նվիրել է այն հենց Մերչելիին»,-նշեց Թոփչյանը:

 

Մաեստրոյի խոսքով` երբ փառատոնը դեռ մեկ-երկու տարվա կյանք ուներ, կային շատ արտիստներ, ովքեր ընդհանրապես «անհասանելի» էին: «Օրինակ, հինգ տարի ենք աշխատել, որ Կիրիլ Գերշտեյնը գա Հայաստան: Անցյալ տարի նա վերջապես եկավ, և մեզ հետ նվագելուց հետո խնդրեց իրեն ամեն տարի Երևան հրավիրել: Հիմա մենք կարող ենք հրավերի առաջարկ անել ցանկացած երաժշտի: Այժմ բանակցություններ ենք վարում անվանի դաշնակահար Ջոշուա Բելի հետ, որպեսզի հաջորդ տարի նա հանդես գա Հայաստանում »,- հավելեց Թոփչյանը:

 

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդվարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:


Ռոզա Գրիգորյան