Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրերի ֆիլմերի ցանկն արդեն հայտնի է: Այս տարի հանրությունը հնարավորություն կստանա դիտել և գնահատել շուրջ 100 կինոնկար: Ֆիլմերից շատերի հեղինակները բազմաթիվ փառատոնների մասնակցած հեղինակավոր ռեժիսորներ են: Տասնմեկ տարվա պատմություն ունեցող «Ոսկե ծիրանը» կմեկնարկի մի քանի շաբաթից:


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Մանուկյանը, հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացնելով «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը, նշեց, որ այս տարի ևս ներկայացվելու են լավագույն ռեժիսորների լավագույն ֆիլմերը:

 

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում այս տարի կցուցադրվի Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի «Բարբարոս երկիր» ֆիլմը, որը ներկայացվել է բազմաթիվ  փառատոնների ընթացքում: Կներկայացվի նաև Քշիշտոֆ Զանուսիի 1980 թվականին ստեղծված «Հաստատուն գործոն» ֆիլմը, որը Կաննում հատուկ մրցանակ է ստացել: Այս տարի նշվում է Զանուսիի հոբելյանը: Նա նաև արժանանալու է Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» հատուկ մրցանակին»,-  նշեց Տաթևիկ Մանուկյանը:

 

Որպես երևանյան պրեմիերաներ` կցուցադրվեն նաև Նարեկացուն նվիրված` Վիտալի Մանսկիի «Գիրքը» ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ» մրցանակ ստացած Յինան Դիայոյի «Սև ածուխ, բարակ սառույց» կինոնկարը:

 

«Բացի այդ, ունենք նաև Կաննից երեք մրցանակակիր ֆիլմեր` Նուրի Բիլգե Ջեյլանի «Ձմեռային քուն»-ը, Դարդեններ եղբայրների «Երկու օր, մեկ գիշեր»-ը , Ժան-Լյուք Գոդարի «Հրաշետ լեզվին» 3D ֆիլմը, որով և կփակվի այս տարվա փառատոնը»,- նշեց Մանուկյանը:

 

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ այս տարի փառատոնի շրջանակում կկազմակերպվի երեք խոշոր ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություն:

 

«Հանրությանը կներկայացնենք կորեացի հանրահայտ ռեժիսոր Կիմ Կի-Դուքի ֆիլմերի ընտրանին: Նա էլ երկու օրով կգա Հայաստան, հույս ունենք նաև մամուլի ասուլիս կտա: Կներկայացնենք նաև չինացի Ցզյա Չժանկեի 7-8 ֆիլմերը, ինչպես նաև իսրայելցի ռեժիսոր Ամոս Գիտայի 4 կինոնկարները: Հարգանքի տուրք կմատուցենք նաև վրացի ռեժիսոր Օթար Իոսելիանիին»,- նշեց Ստամբոլցյանը:

 

«Ոսկե ծիրան»-ը պատիվ կունենա «Փարաջանովյան թալեր» մրցանակով պարգևատրել Կիմ Կի-Դուքին, Ցզյա Չժանկեին, Օթար Իոսելիանիին և Ամոս Գիտային, ովքեր փառատոնը կպատվեն իրենց ներկայությամբ:

 

Բացի այդ, այս տարի առաջին անգամ կանցկացվի «Ուկրաինական պոետիկ կինո» արտամրցութային ծրագիրը, որը կլինի Փարաջանովի հոբելյանական ծրագրի մասը: Կներկայացվեն ուկրաինական կինոյի ոսկե դարի ֆիլմերը:

 

Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, խոսելով «Սոցիալական փոփոխությունների կինո» արտամրցութային ծրագրի մասին, նշեց, որ փառատոնին ներկայացվելու են տարբեր տարիների վավերագրական և խաղարկային ֆիլմեր, որոնք նվիրված են սոցիալական հարցերին: Բացի այդ, այս տարի կներկայացվեն նաև ժամանակակից գերմանական կինոյի նմուշներ:

 

Արդեն երրորդ տարին անցկացվող «Հայեր`հայացք դրսից և ներսից» ծրագիրը կներկայացնի Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների գործեր:

 

Նախորդ տարիների նման, այս տարի ևս փառատոնը կմեկտեղի Երևանում  համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին:

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։