«Ոսկե ծիրան» երևանյան 11-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկում է ընդամենը երկու օրից: Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք կինոտոնը Երևանի ամենասպասված իրադարձություններից մեկն է: «Ոսկե ծիրան» -ն այս տարի ևս հանրությանը կներկայացնի աշխարհի մեծագույն կինոգործիչներին և համաշխարհային կինոարվեստի լավագույն նմուշները:
Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ հուլիսի 11-ին Երևանի քաղաքապետարանում անցկաված մամուլի ասուլիսի ընթացքում ուրախությամբ նշեց, որ յուրաքանչյուր տարի մայրաքաղաքում ոգևորությամբ են սպասում փառատոնին՝ որպես երևանյան խոշոր իրադարաձություն: «Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել մի շարք նախաձեռնությունների, որպեսզի հավուր պատշաճի հյուրընկալի բազմաթիվ հեղինակավոր մարդկանց, որոնց ներկայությունը պարտավորեցնող է:
Տարիների փորձը հուշում է, որ նրանք իրենց հետ Հայաստանից մի մասնիկ են տանում, նաև տարածում են հայ մշակույթն իրենց միջավայրում՝ նպաստելով հայկական կինոյի ճանաչմանը: Ուրախալի է, որ գոյություն ունեն համատեղ նախաձեռնություններ, և այս օրերը Երևանում տոնական են լինելու: Վստահ եմ, որ շատ շատերին դուր են գալու միջոցառումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արամ Սուքիասյանը: Երևանի փոխքաղաքապետը նշեց, որ այս տարի Կարապի լճի տարածքում գտնվող էկրանին յուրաքանչյուր երեկո կցուցադրվեն նաև տարբեր ֆիլմեր:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ փառատոնը հիմնվում է երեք սյուների վրա: «Այդ սյուներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Վիվասել ՄՏՍ-ը: Հյուրերի տպավորությունները կախված են հենց Երևանի քաղաքապետարանից:
Մեծ ծրագիր ենք սկսում քաղաքապետարանի հետ, իսկ հաջորդ տարի Երևանի տարբեր վայրերում կունենանք էկրաններ, և մարդիկ բացօթյա ցուցադրությունների միջոցով կմասնակցեն մեր տոնին: Փառատոնի հյուրերը մշտապես դառնում են Հայաստանի դեսպանները, և հիացած գրում են Երևանի մասին»,-նշեց Հարություն Խաչատրյանը:
Բացի այդ, Խաչատրյանն ընդգծեց, որ ցանկություն կա էնթնոգրաֆիկ ֆիլմերի նոր փառատոն հիմնադրել Երևանի քաղաքապետարանի հետ:
Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին:
Կինոփառատոնն այս տարի կցուցադրի շուրջ 300 ֆիլմ՝ մրցութային և արտամրցութային ծրագրերի շրջանակում: Փառատոնի շրջանակներում կկայանան միջազգային հեղինակավոր կինոփառատոների հաղթող ֆիլմերի երևանյան պրեմիերաներ, հետահայաց ցուցադրությունների ծրագրերով Երևան կժամանեն անվանի կինոգործիչներ Կիմ Կի-Դուկը, Օթար Իոսելիանին, Ամոս Գիտայը, Ցզյա Չժան-կեն:
Փառատոնի պատվավոր հյուրերի կազմում ընդգրկված են նաև Քշիշտոֆ Զանուսին, Մարկո Մյուլլերը, Ադամ Միխնիկը, ինչպես նաև Աննա Մուգլալիսը, Քրիստիան Բերգերը:
Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նվիր վում է աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին, ինչի առիթով մշակվել են բազմաթիվ ուշագրավ ծրագրեր:
Փառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին ավանդական՝ Ծիրանօրհնեքի արարողությամբ, որը տեղի կունենա Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Արարողությանը կհաջորդի «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում՝ Ս. Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացման արարողությունը, այնուհետև, կցուցադրվի փառատոնի բացման ֆիլմը` Ս. Փարաջոնվի «Նռան գույնը»:
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Փառատոնի ֆիլմերը կներկայացվեն մրցութային և արտամրցութային ծրագրերով. մրցութային ծրագիրը կկայանա ավանդական չորս` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգերում: Մրցութային ծրագրում ընտրված է շուրջ 70 ֆիլմ, այդ թվում` 10-ը` «Միջազգային խաղարկային», 12-ը` «Միջազգային վավերագրական», 18-ը` «Հայկական համայնապատկեր» և 30-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:
Արտամրցութային ծրագրերը կներկայացնեն ավանդական «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադություններ», «Հարգանքի տուրք», «Հայեր. Հայացք դրսից և ներսից», «Ֆիլմեր առանց սահմանների», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո», «Նոր գերմանական կինո» և «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագրերը:
Փառատոնային միջոցառումները տեղի կունենան «Մոսկվա», «Նաիրի», «Սինեմա Սթար» կինոթատրոններում, Մալյանի անվան թատրոնում, Պողոսյան այգիներում, ինչպես նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և «Ժողովրդական արվեստների» հանգույց կենտրոնում:
Փառատոնը կամփոփվի հուլիսի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում` ֆրանսիացի աշխարհահռչակ ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» ֆիլմի ցուցադրությունով: Փառատոնի պաշտոնական փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վե ր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։