Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի իր ծրագրում ընդգրկել է յուրահատուկ և ինքնատիպ վարպետության դասեր: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից, հուլիսի 14-ին օպերատորական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ավստրիացի կինեմատոգրաֆ, վաստակաշատ օպերատոր Քրիստիան Բերգերը: Հուլիսի 15-ին ռեժիսորական արվեստի մասին դաս կանցկացնի չինացի հայտնի ռեժիսոր Ցզյա Չժան-կեն:
Հուլիսի 17-ին վարպետության դաս կանցկացնի անվանի կինոգետ, Նյու Յորքի կինոփառատոնի նախկին տնօրեն Ռիչարդ Պենյան:Դասախոսությունը վերնագրված է «Աֆրո-ամերիկյան անկախ կինոյի սկզբնավորումը»: Հուլիսի 18-ին սցենարական արվեստի գաղտնիքները ներկայացնող վարպետության դաս կանցկացնի գրող, վիպասան, սցենարի հեղինակ և գրական թարգմանիչ Պետրոս Մարկարիսը (Հունաստան), իսկ հուլիսի 19-ին դերասանական արվեստի վերաբերյալ վարպետության դաս կանցկացնի ֆրանսիացի անվանի դերասանուհի Աննա Մուգլալիսը:
Վարպետության բոլոր դասերը կանցկացվեն «Նաիրի» կինոթատրոնում՝ ժամը 15:00-ին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում իրականացվող վարպետության բոլոր դասերի մուտքն ազատ է:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։