«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում oգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ և ՀԲԸՄ  հովանավորությամբ կայացել է «Երգում է 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով բարեգործական համերգ, որից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը: Համերգը վարել են հանրաճանաչ հաղորդավար Սուսաննա Շահինյանը և սիրիահայ երգիչ Ժան Վարդանը:


Յոթանասունականների երգերի կատարումներով հանդես են եկել Արամոն, Էմմին, Գայանե Հովհաննիսյանը, Ռադիկ Գաբրիելյանը: Ջազային երաժշության ընտրանի են ներկայացրել սիրիահայ արվեստագետներ Ռենա Տին, Ժան Վարդանը, Լիլա Վարդանյան-Պօղոսեանը, Կարօ Տաղտեվիրենեանը: Նրանց նվագակցել է «70-ականների Երևան» նվագախումբը, որի երաժիշտների հիմնական մասը Կոնստանտին Օրբելյանի՝ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի անդամներն են:

 

Համերգին ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստի գործիչներ, հյուրեր:

 

Ողջունելով համերգի կազմակերպիչներին, նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի նախաձեռնության կազմակերպիչներին, հովանավորներին, արտիստներին: Այսօր Հալեպը արյունահոսում է, մեր մայր գաղութը պատերազմի մեջ է: Մենք հավաքվել ենք այստեղ մեր զորակցությունը հայտնելու, օգնելու, աջակցելու մեր սիրիահայ  հայրենակիցներին: Նրանք զգում են, որ Հայրենիքն իրենց կողքին է և դժվարին պահին մենակ չի թողել: Մենք ուժեղ ենք միասին, և միասին պետք է հաղթենք ու զորանանք: Մենք կանք, կլինենք ու կշատանանք:

 

Հայաստանցի և սիրիահայ սիրված երգիչների մասնակցությամբ համերգը Հայաստանում սիրիահայերի ինտեգրման հերթական քայլն էր և ապացույցը, որ մշակույթն ազգի համախմբան կարևորագույն միջոցներից է:

 

Համերգն ավարտվել է «Զարթնի՛ր լաո» երգի միասնական կատարումով: Երաժիշտներին հոտնկայս ձայնակցել է ողջ դահլիճը: