Հայ կոմպոզիտորների կամերային ստեղծագործությունները կներկայացվեն ԱՄՆ-ում: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, Բոսթոնի հայկական թանգարանի և գրադարանի ու Պրովիդենսի հայկական մշակութային հանձնախմբի աջակցությամբ, հունիսի 22-ին Բոսթոնում և 27-ին Պրովիդենսում կանցկացվեն հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության համերգներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կոմպոզիտորների միությունից, նախաձեռնության կազմակերպիչն ու համակարգողը միության անդամ, կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանն է:
«Համերգներին կհնչեն Ալեքսանյանի, Բաբայանի, Գարսոյանի, Հակոբջանյանի, Կարապետյանի, Կոստանյանի, Մավիսակալյանի, Մակարյանի, Միքայելյանի, Սադոյանի, Սաթյանի, Սուքիասյանի, Շահրիմանյանի և Զարիֆյանի կամերային ստեղծագործությունները: ԱՄՆ-ում հանդես կգան ջութակահար Սարգիս Կարապետյանը, սոպրանո Նունե Կարապետյանը և դաշնակահար Նունե Հակոբյանը»,-տեղեկացրին միությունից:
Միջոցառումը հեծ հետաքրքրություն է առաջացրել տեղի երաժշտասեր հանրության շրջանում, քանի որ նրանք մինչև հիմա այդքան էլ ծանոթ չեն եղել հայ պրոֆեսիոնալ երաժշտությանը: Նմանատիպ միջոցառում վերջին 23 տարվա մեջ իրականացվում է առաջին անգամ: