«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը' Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ, հերթական անակնկալն է մատուցում արվեստասեր հանրությանը՝ կազմակերպելով բացառիկ ցուցահանդես: Ցուցահանդեսը կրում է «ՄՈԴԵՌՆԻՑ-ՊՈՍՏՄՈԴԵՌ» խորագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնից, ցուցահանդեսին ներկայացված են այնպիսի հեղինակների աշխատանքներ, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Լևոն Թութունջյանը, Սալվադոր Դալին, Մինաս Ավետիսյանը, ժամանակակիցներից Արա Ալեքյանը, Համլետ Հովսեփյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Աշոտ Հարությունյանը, Ներսես Մելիքյանը, Նարեկ Ավետիսյանը, Մերի Մունը, Գարիկ Կարապետյանը, Արման Համբարձումյանը, Հարություն Զուլումյանը, Նարինե Զոլյանը:
Ցուցահանդեսին հանդես կգան նաև Փարիզը նվաճած ճանաչված դիզայներներ Թառլոյան եղբայրները:
Էքսպոզիցիան բաժանված է 8 թեմաների. «Սկիզբ»՝ Երվանդ Քոչար, Լևոն Թութունջյան, Սալվադոր Դալի, «Ներկան»' Խաչատուր Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան, Արա Հայթայան և Աշոտ Հարությունյան, «Մեր հողը»՝ Համլետ Հովսեփյան, «Քաղաք»՝ Մերի Մուն, «Չսերտած դասեր»՝ Հարություն Զուլումյան, Նարինե Զոլյան, «Ադամը դրախտից»՝ Արա Ալեքյան, Ներսես Մելիքյան, «Եվաներ»՝ Թառլոյան եղբայրներ, «Մինասի աթոռը»' Մինաս Ավետիսյան, Նարեկ Ավետիսյան և Արման Համբարձումյան: