Հայաստանի ազգային պատկերասրահն իր հարկի ներքո հոկտեմբերի 8-ից կհյուրընկալի լեհահայ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի գործերը:  Աքսենտովիչի ստեղծագործությունները ներկայացնող ցուցահանդեսն իրականացվում է Լեհաստանի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Իրադարձության ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա դիտել նկարչի շուրջ 53 աշխատանք:


ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 6-ին ցուցահանդեսին ընդառաջ հրավիրված ասուլիսում նշեց, որ հայ-լեհական կապերն ունեն խոր արմատներ:

 

«Ուրախ եմ, որ Հայաստանը նման միջոցառում է հյուրընկալում: Այստեղ ներկայացված են մի շարք աշխատանքներ, որոնք հնարավորություն կտան մեր հանրությանը ծանոթանալ մեր հայրենակցի՝ Աքսենտովիչի գործունեությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արև Սամուելյանը:

 

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ ՀԱՊ-ն իր հարկի ներքո պատմական ցոււցահանդես է հյուրընկալելու, որը տեղի է ունենում երկու երկրների նախագահների հովանու ներքո: «Սոպոտում այս տարի ամռանը բացվել էր Հովհաննես Այվազովսկու գործերի ցուցահանդեսը: Համոզված եմ, որ Աքսենտովիչը երազել է անկախ Հայաստանում ցուցահանդես ունենալու մասին, և այսօր դա իրականություն է դառնում»,-նշեց Միրզոյանը:

 

Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կարնովսկին  ընդգծեց, որ առաջին անգամ չէ Հայաստանում:  «Ինձ համար հաճելի է լինել այստեղ: Ուրախ եմ, որ ցուցահանդեսի հետ կապված եմ եկել»,-նշեց նա:

 

ՀԱՊ փոխտնօրեն Անուշ Հակոբյանն էլ կարևորեց Սոպոտի արվեստի պետական պատերասրահի հետ համագործակցությունը՝ ընդգծելով այնտեղ հունիսի 18-ին բացված ցուցահանդեսի կարևորությունը:

 

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մաս կազմող արվեստի գործերը հունիսի 18-ից սեպտեմբերի 21-ը ներկայացվել էին Լեհաստանում: Այնտեղ հանրությունը հնարավորություն ունեցավ դիտել «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը:


Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին, որը դրվատանքի խոսքերով անդրադարձել է հայ ժողովրդի դերին և նշանակությանը Լեհաստանի պատմության և իրականության մեջ: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել նաև Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կարնովսկին, հայ համայնքը ներկայացնող հեղինակավոր անձինք և արվեստասեր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ: Հայաստանի Հանրապետության կողմից ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀԱՊ տնօրեն Փ. Միրզոյանը, գիտական գծով փոխտնօրեն Ա. Հակոբյանը, ՀԱՊ-ի գլխավոր վերականգնող Ի. Պողոսյանը և արվեստաբան Շ. Խաչատրյանը:


Սոպոտ քաղաքի կողմից ցուցահանդեսի համակարգողն էր գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը: Հովհ. Այվազովսկու ցուցահանդեսի բացման հետ միաժամանակ, Սոպոտի պատկերասրահում բացվել է նաև հայկական ծագում ունեցող լեհ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը: