Երիտասարդ 25 հայ կոմպոզիտորներ հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները ներկայացնել հանրության դատին: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 14-ին կմեկնարկի Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնը: Փառատոնի շրջանակում երիտասարդ տաղանդներն իրենց շնորհքը ցուցադրելու հնարավորություն կունենան:
«Մեր հիմնական նպատակը մեր երիտասարդների անուններն ավելի հնչեղ ու հայտնի դարձնելն է հանրապետությունում: Մենք ունենք փայլուն երիտասարդ կոմպոզիտորներ: Մի մասը, որ արտասահմանում է, շատ պատշաճ ձևով է ներկայացնում հայ երաժշտական արվեստը, դառնում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Մենք պետք է գոհ լինենք, որ այդպիսի երիտասարդություն ունենք: Այդ երիտասարդությանն այստեղ, ցավոք, չեն ճանաչում: Փառատոնը հնարավորություն կտա, որ ճանաչեն բարձր արվեստը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի կոմպոզիտորների « միության նախագահ Արամ Սաթյանը:
Սաթյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել երեք համերգ: «Առաջինը տեղի կունենա մայիսի 14-ին կոմպոզիտորների միության դահլիճում. ելույթ կունենան կոնսերվատորիայի ուսանողները: Մայիսի 16-ին և 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգան կոնսերվատորիայի շրջանավարտ երիտասարդները, որոնք դեռ կոմպոզիտորների միության անդամ չեն, սակայն անդամ դառնալու շեմին են: Հետաքրքական է, որ մայիսի 24-ին կհնչեն կոնսերվատորիայի շրջանավարտների սիմֆոնիկ գործերը»,-հավելեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը:
Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգների մուտքն ազատ է: