Երեկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ծրագիր» նախագծի շրջանակներում ցուցադրվեց մանկական նոր ներկայացում, որի հեղինակն էր դերասանուհի Տաթևիկ Գրիգորյանը, ով հասցրել է սիրվել իր թատրոնում և սերիալներում: 

 

Անտառում մոլորված աղջիկը վախից ուշագնաց լինելուց հետո, արթնանում է և տեսնում, որ միայնակ չէ՝ հանդիսատեսն իր հետ է: Ստեղծելով հետաքրքիր կապ հանդիսատեսի հետ՝ սկսվում է ներկայացումը:

 

Ներկայացումը կառուցված լինելով Խնկո Ապոր, Սերո Խանզատյանի և Մխիթար Գոշի առակներից մի քանիսի հիման վրա՝ ուսուցողական բնույթ է կրում դպրոցականների համար: Հեղինակը փորձել է երեխաների համար տոն ստեղծելով, նրանց հասցնել առակների իմաստը: Ներկայացման ընթացքում հեղինակն օգտագործել է հիմնականում հայկական ջազ՝ փորձելով երեխաներին մոտեցնել որակյալ երաժշտությանը: Ներկայացումը վերջանում է աղջկա կողմից հանդիսատեսին ուղղված հարցերով և բոլոր դերասանների գեղեցիկ քոչարիով:

 

Լուրեր.com-ի այն հարցին, թե որն էր ներկայացման հիմնական նպատակը և ինչպես առաջացավ առակներ ներկայացնելու գաղափարը, Տաթևիկը պատասխանեց, որ ընտրել է առակի ժանրը, որովհետև ի տարբերություն գրական մյուս ժանրերի, առակն իր կարճ բովանդակության մեջ շատ ասելիք ունի: Եվ որպեսզի մեր փոքրիկ հանդիսատեսը չձանձրանա, ամբողջ ուշադրությունը չշեղի բեմից` ընտրել ենք հայկական երգ ու պարով համեմված թատերականացված ներկայացման ձևը: Իսկ առհասարակ «Դպրոցականի ծրագիրը» ուսուցողական, դաստիարակչական բնույթ ունի: Իսկ այն հարցին, թե ինչպես են ընտրվել դերասանները, վերջինս պատասխանեց, որ նրանք հիմնականում իր ընկերներն են, որոնց դեռ ուսանող տարիներից գիտի և ավելացրեց, որ իր թիմին շատ շնորհակալ է լավ աշխատանքի համար, որի արդյունքում ծնվեց այս ներկայացումը:


Ռեժիսոր՝ Գոհար Փոքրիկյան 


Դերասաններ` Տաթևիկ Գրիգորյան, Հայկ Պետրոսյան, Նարեկ Բաղդասարյան, Անի Նիկոյան, Մարիամ Արիստակեսյան, Լիլիթ Մկրտչյան, Լուսինե Մանուկյան, Մարատ Խաչատրյան 


Պարեր` Նակա Միրզոյան

 

Նկարչուհի` Հասմիկ Աղայան