«Երբ սեպտեմբերն եկավ, մենք պայուսակ բռնեցինք, մանկապարտեզն ավարտած դեպի դպրոց գնացինք…»: Այս երգը գիտենք գրեթե բոլորս. առաջին երգն է, որ դպրոց գնալու առաջին օրերին սովորեցնում են մեզ: Դպրոցական առաջին վառ հիշողություններից մեկն է «Առաջին քայլերն» են, որը մասունքի նման ենք պահում կամ, հակառակը, յոթ փակի տակ պահում, որ ուրիշները չծիծաղեն մեր լուսանկարի վրա: «ԵՍ եմ…»-ն այս անգամ էլ քրքրեց հայտնիներ արխիվը, պեղեց նրանց դպրոցական «Առաջին քայլերն» ու նրանց հոգու մի անկյունից հանեց ամենավառ ու հիշարժան դեպքերը' ներկայացնելով ձեզ:

Հայկ Պետրոսյան. «Միշտ հաճույքով եմ դպրոց գնացել»
Դերասան, «Քաղաքում» սերիալից հայտնի Հայկ Պետրոսյանը դպրոց գնացել է 1997 թվականին: Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում սովորող դերասանը երազել է դպրոց գնալու մասին, բայց այժմ դժվարանում է խոսել առաջին դասարանի հիշողություններից: «Անկեղծ ասեմ, ես ինձ հիշում եմ չորորդ դասարանից, չնայած առաջին ուսուցչուհուս' տիկին Ծատինյանին, շատ եմ սիրել, ինքն իմ դպրոցական առաջին տարիների միակ վառ հուշն է: Երկրորդ օրվանից սկսած միշտ իր հետ եմ գնացել դպրոց. նա առավոտյան մեր տան մոտով էր անցնում ու ինձ իր հետ տանում»,- ասաց Հայկը, ով, ըստ իրեն, դպրոցում միշտ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ:
Դերասանը նշեց նաև, որ ամեն տարի սեպտեմբերի 1-ին մեծ ոգևորությամբ է պատրաստվել: «Ամեն տարի օգոստոսի քսանից հետո ուսումնական տրամադրություն էի ունենում. գնում էի դպրոց, գրքերս ստանում, իմանում' ինչ նոր առարկաներ ենք անցնելու ու շտապում խանութ գնումների. ըստ առարկաների քանակի' տետրեր ու գրիչներ էի առնում. դպրոցական հագուստս էլ ամեն տարի նոր էր լինում»,- նկատեց Հայկը:
Հայկի խոսքերով' ինքը միշտ սիրով է դպրոց գնացել: «Հաճույքով եմ նաև դասերս արել. զարմանում էի այն աշակերտների վրա, ովքեր զոռով էին գալիս ու վատ սովորում, չգիտեմ' կարող է նրանից էր, որ դպրոցը մեր տանը մոտ էր ու տեղանքն ինձ հոգեհարազատ էր, բայց ես ոչ մի անգամ չեմ տրտնջացել»,- նկատեց Հայկը:
Դպրոցական հուշերից վերջինս առանձնացրեց նաև իր մտերիմ ընկերներին: «Խոսելով դպրոցի մասին' չեմ կարող իմ լավագույն ընկերների մասին չասել. մենք դասարանում չորս հոգով' ես, ընկերս ու մեր երկու դասընկերուհիները, շատ մտերիմ էինք. ստուգողականների ժամանակ օգնում էինք իրար, օրվա մեծ մասը միասին անցկացնում, իսկ դասերից հետո ես ու ընկերս աղջիկներին ճանապարհում էինք, նոր տուն գնում»,- հիշեց Հայկը:

Նարեկ Մակարյան. «Բարձր դասարաններում շատ աշխույժ աշակերտ էի»
Երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի Նարեկ Մակարյանն իր դպրոցական առաջին քայլերն արել է Երևանի թիվ 51 միջնակարգ դպրոցում, որն անգլիական թեքումով էր:
«Հիշում եմ' մեծ ոգևորությամբ առաջին օրը գնացի դպրոց, բոլոր երեխաները հավաքված էին բակում ու մեր տնօրենը' պրն Սահակյանը, ամբոխի միջից ինձ դիմեց' խնդրելով մի բանաստեղծություն արտասանել: Ճիշտ է, անսպասելի էր դա, բայց խուճապի չմատնվեցի, հպարտությամբ արտասանեցի Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը»:
Երգիչն ամեն տարի մեծ ոգևորությամբ է սպասել նոր ուսումնական տարվա մեկնարկին. «Սրտի թրթիռով էի սպասում սեպտեմբերի մեկին, քանի որ շատ հետաքրքիր էր, թե այդ տարի ինչ նոր առարկաներ ենք անցնելու,- հավելեց Նարեկը:
Նրա մեջ հատկապես տպավորված են ավելի բարձր դասարանների հուշերը: «Արդեն բարձր դասարաններում շատ աշխույժ աշակերտ էի, մասնակցում էի դպրոցում կազմակերպված գրեթե բոլոր միջոցառումներին. դպրոցական KBH-ի խմբի անդամ էի»,- հայտնեց Նարեկը:
Նարեկն «Առաջին քայլեր» չունի, սակայն ամեն անգամ դպրոցական տարիներին արված լուսանկարները նայելիս ուրախ հիշողություններ է ունենում: «Ինչ լավ տարիներ էին, ափսոս, որ էլ չեն կրկնվի»,- անթաքույց ափսոսանքով ասաց Նարեկը:

Տաթևիկ Ադումյան. «Ինձ սիրող տղաներին ծեծում էի»
Սերիալային դերասանուհի, Բաբիի կերպարը մարմնավորող Տաթևիկ Ադումյանն իր դպրոցական առաջին քայլերն արել է Լիբանանի «Երթմենյան» վարժարանում: Մեզ հետ զրույցում պատմեց, որ Լիբանանում կարգը մի փոքր այլ էր. նախ սովորել է վարժարանի քոլեջում, անցել ուսումնական չորս փուլերը' ծիլ, բողբոջ, կոկոն և ծաղիկ, ապա միայն քննությունները գերազանց հանձնելուց հետո ընդունվել առաջին դասարան:
Դպրոցական առաջին օրվա հուշերից խոսելիս' Տաթևիկը պատմեց. «Մեր դասարանում տարբեր ազգության աշակերտներ կային' արաբներ, քրդեր, հնդիկներ, ու երբ ծանոթության ժամանակ հերթն ինձ հասավ, ասացի' անունս Տաթևիկ է, ազգությամբ էլ չուկչա եմ :) Ուսուցչուհին լուրջ էր վերեբերել դրան ու մի անգամ մայրիկիս հետ խոսելիս ասել էր. «Մարիաննա, Դուք չուկչա՞ եք»: Մայրս վրդովվել էր, բայց հետո հասկանալով խոսքն ինչի մասին է' բացատրել էր, որ իմ աշխույժ վարքի պատճառով է ինքն ինձ տանը չուկչա ասում, իսկ իրականում' մենք հայ ենք :)՚:
Երրորդ դասարանում Տաթևիկը տեղափոխվել է Հայաստանը և հաճախել Երևանի թիվ 52, այնուհետև' Քանաքեռի 103 միջնակարգ դպրոցները, որտեղ էլ աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ ու չարաճճիությամբ:
«Շատ չար աշակերտուհի էի, բայց դրան հակառակ' միշտ դասերին լավ էի պատրաստվում: Դպրոցում, ով ինձ սիրում էր, նրանց մի լավ քոթակում էի: Հիշում եմ' հերթական անգամ դպրոցից փախուստ էի կազմակերպում: Մի տղա կար, ով այդ օրը մեր դասարան առաջին անգամ էր եկել, ինքն էլ էր ինձ սիրահարված, ու քանի որ նորեկ էր, ստիպեցի, որ պատուհանից առաջինը հենց նա թռչի. խեղճն ընկավ ու ոտքերը կոտրեց, ես էլ չհավատալով նրան' թռա ու ընկա վրան :)»:
Ըստ դերասանուհու' չնայած իր վատ վարքին, ուսուցիչներն էլ, տնօրեններն էլ իրեն շատ են սիրել:
Ավարտելուց հետո էլ Տաթևիկը սիրելի ուսուցիչներին չի մոռացել, մինչ օրս այցելում է նրանց ու ծաղիկներ նվիրում:

Նարեկ Ներսիսյան. «Դպրոցն ինձանից խլում էր խաղալու ժամանակը»
Սերիալային դերասան Նարեկ Ներսիսյանը հաճախել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը:
Ըստ նրա' 1994 թվականի սեպտեմբերի 1-ին արտառոց ոչինչ չի եղել, միայն ծանոթացել է ուսուցչի և դասընկերների հետ: «Չեմ սիրել դպրոցը, զոռով էի գնում, այն ինձանից խլում էր խաղալու ժամանակը: Ուսուցիչների հանձնարարություններն էլ մի կերպ էի կատարում: Տատիկս աշխատում էր նույն դպրոցում, որտեղ ես էի սովորում, ու ինձ ստիպողաբար նստացնում էր դաս սովորելու: Հիշում եմ' մենակ հայոց լեզվի և գրականության դասերին էի լավ պատրաստվում: Ավելի բարձր դասարաններում արդեն գիտակցաբար սկսեցի սովորել, բայց էլի առարկաներ կային, որնք տանել չէի կարողանում»,- խոստովանեց Նարեկը:
Առաջին դասարանում արված լուսանկարի մասին խոսելիս Նարեկը նկատեց. «Երբ նայում եմ առաջին դասարանում արված լուսանկարներին, զարմանում եմ. ես այդքան փոքր եմ եղե՞լ :) Այդ նկարներում շատ ուրիշ եմ, դասընկերներս էլ շատ փոխված են, նրանցից շատերին հիմա տեղը չեմ բերում»:
Դպրոցական տարիներից դերասանի մեջ հատկապես տպավորված են հանդեսները. «Քանի որ ես լավ երգում ու արտասանում էի, ինձ բոլոր միջոցառումներում ընդգրկում էին: «Վերջին զանգին» էլ մի շարք հումորային համարներն ու ուսուցիչներին նմանակելու բարդ գործն ինձ էր վստահված»,- ասաց Նարեկը:

Մարի. «Դպրոցում շատ անհոգ էի ու երջանիկ»
Երգչուհի Մարին դպրոցական առաջին քայլերն արել է 2000 թվականին Երևանի Դ. Դեմիրճյանի անվան, թիվ 27 դպրոցում:
Խոսելով իր առաջին սեպտեմբերի 1-ից' Մարին նշեց. «Հիշում եմ' այդ օրը շատ ցուրտ էր, ու ես «հոտած» դեմքով էի գնացել դպրոց, բայց չեմ կարող չնշել, որ մայրիկս ինձ համար գեղեցիկ ծաղիկներով մազակալ էր գնել, որը շատ էի հավանում»:
Դա առաջին ու վերջին սեպտեմբերի 1-ն էր, որ երգչուհին անտրամադիր է եղել, մնացած բոլոր տարիներին նա մեծ ոգևորությամբ է պատրաստվել նոր ուսումնական տարվան:
«Մեկ ամիս առաջ մայրիկիս հետ գնում էինք դպրոցի համար գնումներ անելու, լիքը տետրեր, գրիչներ, մատիտներ ու ռետիններ էինք առնում, որոնք ցփնում էի ամբողջ տնով մեկ: Մայրս պարտադիր նոր հագուստ էր գնում, ու արդեն սեպտեմբերի 1-ին ծնողներիս հետ ծաղկեփնջով գնում էի դպրոց»,- հիշեց երգչուհին:
Ըստ նրա' մի քանի տարի դասարանի ավագն է եղել, ու մի շարք միջոցառումներ կազմակերպել: Մարիի դպրոցական հիշողությունները հիմնականում կապված են նրա երկու դասընկերուհիների' Սոնայի ու Անիի հետ, որոնց հետ երգչուհին դպրոցում անցկացրել է ժամանակի հիմնական մասը: «Սոնայի ու Անուլի հետ դասից փախնում էինք, դպրոցի դիմացի կրպակից համով բաներ առնում ու իջնում նկուղում ուտում :)»,- ծիծաղելով խոստովանեց Մարին:

 

 

Դպրոցական տարիներս հիշեցի. Մերի Պողոսյանը