Ժերար Դեպարդիեն Կաննի 67-րդ փառատոն կբերի երկու նոր ֆիլմ: Դրանցից մեկը՝ «Բարի գալուստ Նյու Յորք» կինոնկարը, արդեն հսկայական հետաքրքրություն է առաջացրել: Ֆիլմը, որտեղ Դեպարդիեն խաղացել Է գլխավոր դերը, մասնակիորեն հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին կարգադրիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանի կենսագրության վրա. 2011 թվականի գարնանը ծագած միջազգային սկանդալից հետո նա հարկադրված էր վաղաժամկետ ազատվել այդ պաշտոնից:

 

Ֆիլմը նկարահանել է ամերիկացի հայտնի ռեժիսոր Աբել Ֆերարան: Կինոնկարը կցուցադրվի առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 17-ին: Ճիշտ է, ցուցադրությունը տեղի կունենա Կաննի փառատոնի շրջանակներից դուրս:

 

«Բարի գալուստ Նյու Յորք» կինոնկարն ստեղծողների պլանների համաձայն՝ նույն օրը՝ մայիսի 17-ին, այն կմտնի Համացանց՝ ապահովելու համընդհանուր դիտման հնարավորությունը:

 

Միաժամանակ Ժերար Դեպարդիեն Կաննում կներկայացնի իր մյուս ֆիլմը՝ «Երազանքի լիգան», որը ֆուտբոլի մասին է: Ֆիլմում նա մարմնավորել է ՖԻՖԱ-ի նշանավոր նախագահ Ժյուլ Ռիմին: Թեև կինոնկարին չհաջողվեց տեղ գրավել փառատոնի պաշտոնական ծրագրում, այն հատուկ ցուցադրումների շրջանակներում կներկայացնեն առափնյա Կրուազետում՝ Փառատոնների պալատի պատերի ներքո տեղադրված հսկայական էկրանի վրա: Ֆիլմը դիտելու համար Կանն կժամանի ՖԻՖԱ-ի գործող ղեկավար Յոզեֆ Բլաթերը: