Գյումրիում ապրիլի 18-ին աշխատանքն ամփոփեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային VIII գիտաժողովը: Ապրիլի 16-18 անցկացվող գիտաժողովն, ինչպես միշտ, այս անգամ ևս կյանքի կոչվեց «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում:

 

Գյումրու Արվեստների ակադեմիայում անցկացված եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեց մոտ յոթանասուն գիտական հաղորդում: Դրանք հիմնականում տարբեր հոբելյանների հետ էին կապված, օրինակ, անդրադարձեր Մանսուրյանի, Տերտերյանի, Թումանյանի, Քոչարի, ինչպես նաև հարևան երկրների երաժշտարավեստն ու գրականությունը ներկայացնող հայտնի դեմքերին:

 

Ինչպես տեղեկացրեց երաժշտագետ, գիտաժողովի աշխատանքների համակարգող Աննա Կուզմինան, այս անգամ գիտաժողովը տարբերվում է նախորդներից՝ արտերկրից ժամանած բանախոսների թվով 7 ներկայացվող թեմատիկ շրջանակով: «Այս անգամ եղան բանախոսներ, ովքեր իրենց զեկույցները ներկայացրեցին հեռահար տարբերակով: Գիտաժողովին ներկայացված էր յոթ երկիր՝ Հայաստան, ՌԴ, Էստոնիա, Ղազախստան, Բելառուս, Ուկաինա և, ինչպես միշտ, այս անգամ ևս բավական լավ ներկայացել էր Վրաստանը: Ուրախալի է, որ գիտաժողո վին ՌԴ-ն ներկայացնում էին տարբեր քաղաքների գիտական տարբեր կենտրոնների ներկայացուցիչները: Անշուշտ, գիտաժողովին իր ուրույն դիրքով մասնակցեց նաև Երևանի պետական կոնսերվատորիան»,- նշեց Աննա Կուզմինան:

 

Գիտաժողովին այս անգամ ակտիվ մասնակցություն էին ունեցել նաև թանգարանները, համալսարանները: Միայն 7 զեկույցով հանդես էր եկել Հայաստանի ազգային պատկերասրահը: Անցած երեք օրերի ընթացքում, քաղաք այցելած հյուրերին, լիագումար նիստերից եւ բանավեճերից բացի, սպասվում էին մշակութային այցեր հանրապետության տարբեր տեսարժան վայրեր:

 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվող բոլոր զեկույցները կամփոփվեն գիտաժողովի նյութերի ժողովածուի մեջ: «Նմանատիպ գիտաժողովները ստեղծագործական կապերի, գիտական մտքի զարգացման մեծ խթան են: Դա նաև Հայաստանի գիտական միտքն ու արժեքը ներկայացնելու ու գնահատվելու լավ տարբերակ է»,- ավելացրեց գիտաժողովի համակարգողը:

 

Արմենուհի Մխոյան