Տասնհինգ երկրից տարբեր ազգությունների շուրջ 100 երիտասարդներ Աղվերանում մասնակցում են «Մշակույթների երկխոսություն 2014» միջմշակութային փառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ՝ Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնից, այն կտևի հուլիսի 23-ից օգոստոսի 6-ը:

 

Ծրագրի նպատակն է բարձրացնել աշխարհի տարբեր կողմերից ժամանած երիտասարդների միջմշակութային զգայունությունը: Տարբեր ազգությունների շուրջ 100 երիտասարդներ Հայաստանում կներկայացնեն իրենց մշակույթը և կծավալեն երկխոսություն ազգային արվեստի, երաժշտության, ֆիլմի, պարի, բանահյուսության, ավանդական և ծիսական խաղերի, ազգային խոհանոցի և դիցաբանության միջոցով:

 

Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև տեսական ուսուցողական ծրագրեր միջմշակութային հաղորդակցման, միջմշակութային ուսուցման և խաղաղության մշակույթի վերաբերյալ: «Մշակույթների երկխոսություն 2014» փառատոնն այս տարի անցկացվում է արդեն 4-րդ անգամ:

 

Նախորդ փառատոնները կազմակերպվել են 2006, 2007 և 2008թթ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: Այս անգամ փառատոնն իրականացվում է Նորվեգիայի Narviksenteret կազմակերության հետ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնախմբի Էրազմուս+ (Erasmus +) «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի կողմից: