Չկա մեկը, ով վերը նշված եռյակից երբևէ չի օգտագործել կամ օգտագործում: Իսկ ինչքանով են նրանք բացասաբար ազդում մարդու օրգանիզմի վրա, հատկապես սեռական ֆունկցիայի վրա, կամ ի՞նչ չափաբաժիններն են համարվում ոչ վնասակար:
Կփորձեմ պարզաբանել:
Առաջինը` բոլորի կողմից սիրված սուրճի հիմնական ազդող նյութը կոֆեինն է: Մարդիկ չեն էլ ենթադրում, որ սուրճի շատ օգտագործումից կարող են ունենալ կախվածություն, այսինքն` երբ մի որոշ ժամանակով չեն օգտագործում սուրճ, նրանց մոտ առաջանում է գլխացավ, գերգրգռվածություն, ֆիզիկական թուլություն, հոգեկան անդորրի, աշխատունակության, տրամադրության անկում, տագնապ, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նյարդային համակարգի խախտումներ, կարող են առաջանալ նևրոզներ, դեպրեսիաներ, նաև կարող են սրվել սեռական բնույթի նևրոզները:
Սուրճը չշարաշահելու համար պետք է իմանալ օրվա չափաբաժնի ճիշտ հաշվարկը:
1 բաժակ հատիկավոր կամ լուծվող սուրճը պարունակում է 60 – 100 մգ, կոֆեին ( 1 կգ քաշին բաժին է հասնում 4,3 մգ):
Թեյը պարունակում է մինչև 30 մգ, շոկոլադի 30,0 գ-ը` մինչև 20մգ կոֆեին:
Ստացվում է, որ 80 կգ կշռող մարդու օրվա սուրճի չափաբաժինը կազմում է 4 -5 բաժակը, որը չպետք է գերազանցել:
Մյուս շատ վնասակար սովորությունը ծխելն է: Մոլի ծխողների մոտ կարող են զարգանալ վեգետատիվ նյարդային համակարգի խախտումներ, դեպրեսիաներ, գլխացավեր, նույնիսկ դիսֆորիկ իրավիճակներ, անգամ սիրտ – անոթային, շնչառական, աղեստամոքսային, ուռուցքային և այլ հիվանդություններ:
Տղամարդիկ ավելի շատ ծխում են ձանձրույթի և հոգնածության ժամանակ, կանայք` գրգռվածության և տագնապային իրավիճակներում:
Իսկ ի՞նչ ազդեցություն է թողնում ծխելը սեռական ֆունկցիայի վրա:
Կան աշխատություններ, որտեղ նշվում է սերմնարտադրության անկում` սերմ արտադրող էպիթելի վնասվելու, սերմնաբջիջների օքսիդացիոն ստրեսի պատճառով,իսկ որոշ դեպքերում` տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիա:
Կանանց մոտ` կրծքագեղձի հիվանդություններ, հղիության ընթացքում պտղի զարգացման վրա բացասական ազդեցությամբ` նիկոտինային թունավորման ախտանիշներով: Երկու սեռերի մոտ հաճախ դիտվում են հորմոնալ խախտումներ պայմանավորված պրոլակտինի և էստրադիոլի բարձրացմամբ, որոնք էլ բերում են սեռական հորմոնների փոխհարաբերության խախտման:
Ծխելու ժամանակ հիմնական վնասը պայմանավորված է ծխախոտի գլանակի մեջ պարունակվող նիկոտինով: 1 գլանակի մեջ կա մինչև 1մգ նիկոտին, մոտ 4000 անվանում տոքսիկ նյութեր, որոնք օրգանիզմի վրա թողնում են բազմապիսի բացասական ազդեցություններ:
Մյուս վնասակար ազդեցությամբ հայտնի է ալկոհոլը, որից այդքան տուժում են և ընտանիքները, և երեխաները, և հասարակությունը:
Օրվա չափաբաժինը . տղամարդիկ - 75,0 գ օղի կամ կոնյակ
կանայք - 50,0 գ օղի կամ կոնյակ
տղամարդիկ – 200,0 գ քաղցր գինի
կանայք – 150,0 գ քաղցր գինի
տղամարդիկ – 300,0 գ անապակ գինի
կանայք – 200,0 գ անապակ գինի
տղ. –500,0 գ գարեջուր
կն. – 330,0 գ գարեջուր
Այս նորմայից ավել օգտագործողների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է ալկոհոլիզմ: Ալկոհոլը շատ մարդկանց մոտ ժամանակավոր բարձրացնում է տրամադրությունը, ինքնագնահատականը, հանում է ստրեսային իրավիճակներից, որոշ մարդկանց մոտ թողնում է հանգստացնող, իսկ որոշ մարդկանց վրա` գրգռող ազդեցություն: Ալկոհոլի երկարատև օգտագործումը հանգեցնում է բազմաթիվ խախտումների, մարդու հոգեկան աշխարհի, աշխարհայացքի, ֆիզիկական բազմազան փոփոխությունների և հիվանդությունների:
Ես կանգ կառնեմ սեռական ոլորտի վրա թողած ազդեցության վրա: Արական սեռի մոտ դիտվում է հիպոգոնադիզմի , անդրոգենային դեֆիցիտի առաջացում, սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններ, լյարդի ֆունկցիայի անկման հետևանքով կանացի հորմոնների` էստրոգենների բարձրացում, որի հետևանքով առաջանում է գինեկոմաստիա, կանացի ձևով ձևավորվող ճարպաշերտ և այլ խախտումներ:
Կանանց մոտ առաջանում է էստրոգեն- անդրոգենային փոխհարաբերության խախտում, ունենում է բացասական ազդեցություն ձվաբջջի հասունացման և նրանց որակական հատկանիշների վրա, հետագա սերնդի մտավոր և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ:
Ես չեմ պնդում, որ Դուք ընդհարապես չպետք է օգտագործեք ալկոհոլ, բայց ես Ձեզ նախազգուշացնում եմ , որ չարաշահումները հանգեցնում են բազմաթիվ բարդությունների:
Հիմա փորձեք համադրել վերը նշված «հաճելի» եռյակի` սուրճի, ծխախոտի, ալկոհոլի բոլոր բացասական աղդեցությունները մարդու օրգանիզմի վրա և գնահատել դրանց առաջացրած բացասական ազդեցությունները շարունական և տևական ժամանակահատվածում:
Ես հույս ունեմ, որ այս հոդվածից հետո ինչ – որ բան կփոխվի Ձեր մտածողության մեջ և Դուք կապրեք առողջ ապրելակերպով: