Հանրահայտ դաշնակահար, ջազմեն Տիգրան Համասյանը ապրիլի 22-ին համերգով հանդես կգա Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում: Այս մասին գրված է թատրոնի պաշտոնական alextheatre.org կայքում:

 

Կայքում ներկայացված է Համասյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանն առնչվող տեղեկատվություն, ինչպես նաև տեղադրված է «What The Waves Brought» ստեղծագործությունը: Կայանալիք համերգի տոմսերն արդեն վաճառքում են:

 

Համասյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում: Երկու տարեկան հասակից նա սկսում է լուրջ հետաքրքրություն ցուցաբերել երաժշտության հանդեպ: Ռադիոն, ձայնագրիչն ու երաժշտական գործիքները տղային ցանկացած խաղալիքից ավելի էին գրավում: Արդեն երեք տարեկանում նա անսխալ կարողանում էր երգել մեղեդիներ այնպիսի լուրջ խմբերի երգացանկից, ինչպիսիք են The Beatles-ը, Led Zeppelin-ը, Queen-ը, սակայն նա առանձնակի հաճույքով երգում էր Լուի Արմստրոնգի երգերը: Յոթ տարեկանում լիովին արտահայտվում է նրա սերը ջազի հանդեպ. նա ողջ օրը սկսում է լսել ջազային տարբեր ոճերի ստեղծագործություններ և փորձում իմպրովիզացիա անել դաշնամուրով: Այնուհետև Տիգրանն ընդունվում է երաժշտական դպրոց:

 

1997 թվականին Համասյանի ընտանիքը տեղափոխվում է Երևան, և նա ջազով լրջորեն զբաղվելու հնարավորություն է ստանում: 2009 թվականին Տիգրանը համերգներով այցելեց Երևան: Նա դուետով հանդես եկավ ուդահար և վոկալիստ Դաֆեր Յուսեֆի հետ: Այսօր Տիգրանը նվագում է, ելույթներ ունենում իր խմբի և ջազի աստղերի հետ, ստեղծագործում է, հանդես է գալիս մենահամերգներով և մասնակցում աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող փառատոններին: «TM պրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ Համասյանը վերջին անգամ ելույթ է ունեցել Երևանում մարտի 6-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Նախքան այդ` երաժիշտը 2013 թվականի դեկտեմբերի 14-ին երևանյան հանդիսատեսին էր ներկայացրել իր «Ստվերների թատրոն» նոր երաժշտական ալբոմը: Երաժիշտը հանդես էր եկել իր բենդի հետ, որի կազմում են երգչուհի Արենի Աբգարյանը, կիթառահար Չարլզ Ալտուրանը, բաս Քրիստոֆեր Տորդինին, հարվածային գործիքներ նվագող Արթուր Հնաթեքը: