Դեկտեմբերի 21-ին, 19:30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի թատրոնում տեղի կունենա բալետային ներկայացում հայ անվանի սոլիստների մասնակցությամբ: Միջոցառման հատուկ հյուրը կլինի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը:
Այս կապակցությամբ «Forceful Feelings» բալետային շոու ծրագրի պարուսույց Արսեն Մեհրաբյանը, Բեռլինի պետական բալետի մենակատար Արշակ Ղալումյանը, Շվեդիայի թագավորական բալետի առաջին մենակատարուհի Սառա-Ջեյն Բրոդբեքը, Շտուտգարդի բալետի մենակատար Արման Զազյանը և Տիգրան Համասյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ:
Այն հարցին, թե ինչու է համերգը կրում «Խաչվող ճանապարհներ» խորագիրը, Արսեն Մեհրաբյանն ասաց. «Տիգրանի երաժշտությունը և մեր խմբի շոուն խաչվեց իրար հետ: Մեր շոուի մեջ կային շատ տարբեր երաժշտություններ, Տիգրանն էլ ունի տարբեր ոճի երաժշտություններ, և մենք միասին կարողացանք ստեղծել նոր նախագիծ և կոչեցինք «Խաչվող ուղիներ»: Նախկինում միմյանց հետ չենք համագործակցել, մի քանի անգամ եղել եմ Հայաստանում Տիգրանի համերգին, և դա է եղել մեր ծանոթությունը: Խմբում բոլոր տղաները հայեր են»:
Արսեն Մեհրաբյանի խոսքով՝ տղաները բոլորն էլ սովորել են Հայաստանում, սակայն արտերկրից հրավեր են ստացել և մեկնել: Հենց Եվրոպայում էլ վերջիններս սովորել են ժամանակակից պարեր, որոնք Երևանում այդքան էլ զարգացած չեն:
Շտուտգարդի բալետի մենակատար Արման Զազյանն էլ նշեց, որ բեմադրությունների հիմնական մասն Արսեն Մեհրաբյանինն է և մոդերն ոճում, ինչը հայկական շուկայում բաց է:
Լուրեր.com-ի հարցին, թե հնարավո՞ր է համերգի կրկնություն, TM production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը պատասխանեց, որ համերգի հաջորդ օրն իսկ տղաներից շատերը մեկնելու են և գոնե մոտ ապագայում համերգի կրկնություն չի լինի:
Ծրագրում ընդգրկված են ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական հեղինակներ. լինելու է Վիվալդի, Շոստակովիչ, Շոպեն, Չայկովսկի և այլն:
Տիգրան Համասյանն իր հերթին նշեց, որ իր ստեղծագործություններից հնչելու է «Leaving Paris»-ը: