Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ արդեն ընտրվել է «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակցի երգը:

Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:

«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում:

Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը: Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ՝ ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:

Մրցույթն այս տարի կրում է Join us (Միացեք մեզ) խորագիրը: Կազմակերպիչների նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե երգի «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի այդ երգի ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում:

Լավագույն կատարումները կցուցադրվեն մրցույթի էկրաններին, իսկ պարողները կստանան մրցույթի բեմում ելույթ ունենալու հրավեր:

Հիշեցնենք, որ մեր պատվիրակ Արամ MP3-ը դեռեւս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված (կատարումը դիտեք ստորհետ):